Տարածաշրջանային

Foreign Policy-ին անդրադարձել է Ադրբեջանի իշխող ընտանիքի կոռուպցիոն գործողություններին

3 րոպեի ընթերցում

Foreign Policy-ին անդրադարձել է Ադրբեջանի իշխող ընտանիքի կոռուպցիոն գործողություններին

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Foreign Policy հանդեսում Քեթրին Մախալեկը` «Ծանոթացեք կենտրոնական Ասիայի նավթաբարոնների, մոդայի աստվածուհիների եւ իշխող ընտանիքների հետ» վերնագրով հոդվածում անդրադարձել Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղըրղզստանի եւ Ադրբեջանի «ունեւոր իշխող ընտանիքների, կոռուպցիոն գործունեությանը»: «Արմենպրես»-ը կրճատումներով ներկայացնում է հոդվածի` Ադրբեջանին վերաբերող մասը:

«Ադրբեջանի նախագահի ընտանիքն իր ունեցվածքը ձեռք է բերում երկրի եկամտաբեր նավթային հատվածից: 1993 -ին իշխանությունը զավթած նախկին ԿԳԲ-ի գեներալ Հեյդար Ալիեւի պաշտոնավարման օրոք նրա որդին` Իլհամ Ալիեւը պետական նավթային հիմնադրամի (SOCAR) փոխնախագահն էր: SOCAR-ն այժմ վերահսկում է երկրի 7 մլրդ բարել նավթային պաշարները: 2003 թ. Հեյդար Ալիեւի մահից հետո իշխանության աննախադեպ վերահսկողության տակ անցած ընտրությունների միջոցով նախագահությունն անցավ Իլհամին: SOCAR-ը պետական ընկերություն է… եւ նավթից ստացվող եկամուտները նախագահի վերահսկողության տակ է»:

Այնուհետ հոդվածագիրը նշում է, որ Իլհամ Ալիեւի զավակների անուններով արտասահմանում ընկերություններ եւ շքեղ առանձնատներ են բացահայտվել: «Օրինակ` Իլհամի դուստրերը` 27-ամյա Լեյլա Ալիեւան եւ 23-ամյա Արզու Ալիեւան 2007 թվականին դարձել են 2,5 մլրդ դոլար գնահատվող Չովդառի ոսկու հանքերի (44 տ ոսկի եւ 164 տ արծաթ) 70 տոկոսի սեփականատերը, իսկ մնացած 30 տոկոսը պատկանում է պետությանը: Ալիեւա քույրերը համասեփականատեր են նաեւ Բրիտանիայում Globex International, Պանայում գրանցված Hugson Management, Grinnel Management եւ Gladvin Management ընկերություններում»,-նշում է Մախալեկը:

Արզուն խոշոր բաժնեմաս ունի SW ընկերությունների խմբում, որը մենաշնորհային դիրք ունի Ադրբեջանի ավիաուղիներում եւ ստեղծվել է Ադրբեջանի պետական` AZAL ավիուղիների մասնավորեցման արդյունքում: «Իլհամ Ալիեւի զավակները Դուբայում 75 մլն դոլար արժողությամբ առանձնատներ ունեն: Ադրբեջանի նախագահի ընտանիքի մյուս անդամներն ընկերություններ են տնօրինում արդյունաբերության, հաղորդակցության, բանկային եւ այլ ոլորտներում»,-շարունակում է հոդվածագիրը:

Լեյլա Ալիեւան ջանացել է լավացնել ընդդիմության, բլոգերների եւ լրագրողների նկատմամբ բռնությունների պատճառով իր ընտանիքի խարխլված հեղինակությունը: Դա Լելյան անում է Հեյդար Ալիեւի հիմնադրամի կողմից բարեգործական ակցիաներ կազմակերպելու միջոցով», -գրում է Foreign Policy-ն` նշելով, որ այդ հիմնադրամի նախագահն Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան է, իսկ փոխնախագահը` Լեյլա Ալիեւան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում