ԱՄՆ-ի երեք ավիակիր խմբավորումներ կմասնակցեն Պարսից ծոցում անցկացվելիք զորավարժություններին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ափերի անմիջական մերձակայքում սեպտեմբերի 16-ին մեկնարկող ռազմածովային ուժերի 12-օրյա զորավարժություններին կմասնակցեն 25 պետություններ` ԱՄՆ-ի գլխավորությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին: Ինչպես սեպտեմբերի 5-ին հայտնել են բրիտանական զինված ուժերի աղբյուրներ, վարժանքների ընթացքում կփորձարկվի Օրմուզի նեղուցում եւ Պարսից ծոցում նավագնացության ապահովումը «ենթադրվող հակառակորդի թշնամական գործողությունների» պայմաններում: Արեւմուտքի երկրների շտաբներում չեն թաքցնում, որ որպես հակառակորդ է դիտվում Իրանը:
ԱՄՆ-ի կողմից զորավարժություններում գործի կդրվեն երեք ավիակիր խմբավորումներ: Ներկայում Պարսից ծոցում են գտնվում ամերիկյան Enterprise եւ Dwight Eisenhower միջուկային ավիակիրները, իսկ մոտ ժամանակներս տարածաշրջան կժամանի նաեւ John C. Stennis ավիակիրը:
Խոշոր ռազմաշովային ուժեր են հատկացրել Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Ամիրայությունները: Մի շարք գործողություններ կանցկացվեն ՆԱՏՕ-ի հրամանատարական կառույցների մասնակցությամբ:
Զորավարժությունները կավարտվեն սեպտեմբերի 27-ին: Այդ օրը, ինչպես հաղորդվում Է, Վաշինգտոնում կկայանա ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հանդիպումն Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ: