Երեւանում Բորոդինի անվան լարային քառյակի մասնակցությամբ սիմֆոնիկ եւ կամերային երաժշտության համերգներ կանցկացվեն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի հռչակավոր Բորոդինի անվան Լարային Քառյակի մասնակցությամբ սիմֆոնիկ եւ կամերային երաժշտության համերգներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ֆիլհարմոնիկի մամուլի քարտուղար Անահիտ Օրդյանը, երեւանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում սեպտեմբերի 14-ին տեղի ունենալիք Կամերային երաժշտության համերգի ծրագրում կհնչի Բեթհովենի «Կվարտետ թիվ 1»-ը, Միրզոյանի «Կվարտետ»-ը, Շոստակովիչի «Կվարտետ թիվ 3»-ը:
Սիմֆոնիկ երաժշտության համերգը կկայանա սեպտեմբերի 15-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Կհնչի Լուիս Շպորի «Կոնցերտ լարային կվարտետի եւ նվագախմբի համար» ստեղծագործությունը, Պրոկոֆեւի «Սիմֆոնիա թիվ 5»-ը. Մենակատարները կլինեն ջութակահարներ Ռուբեն Ահարոնյանը, Սերգեյ Լոմովսկին, ալտահար Իգոր Նայդին, թավջութակահար Վլադիմիր Բալշինը: Համերգները կղեկավարի դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: