Քաղաքականություն

Միջազգային հանրությունը չպետք է թույլ տա Ադրբեջանին շարունակել արկածախնդիր քաղաքականությունը. Էդվարդ Նալբանդյան

3 րոպեի ընթերցում

Միջազգային հանրությունը չպետք է թույլ տա Ադրբեջանին շարունակել արկածախնդիր քաղաքականությունը. Էդվարդ Նալբանդյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը փորձեր չի անում դուրս գալու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններից եւ ձախողել դրանք. նման քայլեր արվում են Ադրբեջանի կողմից: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 4-ին Արգենտինայի Հանրապետության արտաքին գործերի և պաշտամունքի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի հետ համատեղ ասուլիսում: Նախարարը Նալբանդյանը նշեց, որ հայ սպային սպանած ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Հունգարիայից Ադրբեջան արդեն շատ վատ ազդեցություն ունի բանակցային գործընթացի, հատկապես տարածաշրջանային կայունության եւ անվտանգության վրա: «Ադրբեջանն է, որ մերժում է եռանախագահողների կողմից բոլոր առաջարկները: Բոլորին է հայտնի լ'Ակվիլայի, Մուսկոկայի, Դովիլի, Լոս Կաբոսի հայտարարություններից հետո թե հայկական կողմի, թե Ադրբեջանկի արձագանքը: Դիպուկահարների դուրսբերման, հրադադարի ամրապնդման, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման եւ այլ առաջարկները մշտապես մերժվել են Ադրբեջանի կողմից»,-ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը:

Նրա խոսքով` բանակցային գործընթացին չի նպաստում այն գործելաոճը, որ դրսեւորում է Ադրբեջանն իր ռազմատենչ հայտարարություններով, սպառնալիքներով, շփման գծում սադրանքներով, ռազմական բյուջեն աննախադեպ ավելացնելով: «Աշխարհում չկա որեւէ երկիր, որն այդպիսի տեմպերով կավելացնի ռազմական բյուջեն»,-նկատեց նախարարը:

Նա ընդգծեց, որ միջազգային հանրությունը պետք է թույլ չտա Ադրբեջանին բանակցային գործընթացի քողի տակ շարունակել այս արկածախնդիր քաղաքականությունը, որը հղի է լուրջ վտանգներով տարածաշրջանի եւ միջազգային անվտանգության ու կայունության համար:

«Ռամիլ Սաֆարովի հանցագործությունից ի վեր Ադրբեջանը հետևողականորեն փառաբանում էր ոճրագործությունը, այն աստճանի, որ մարդասպանին ներկայացնում էր որպես օրինակ՝ ադրբեջանցի երիտասարդի համար: Միջազգային հանրության մոտ մեծ մտահոգություն է առաջացրել այս գործարքը. ինչպես կարող էր Եվրախորհրդի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ երկիրը ձևացնել, թե հավատում է Ադրբեջանին և գնալ նման կասկածելի քայլի»,-նշեց Նալբանդյանը:

Նրա դիտարկմամբ` սեփական երկիրը թաղելով կոռուպցիայի մեջ` Ադրբեջանի իշխանությունները փորձում են արտահանել այդ արատը եւ տեղափոխել միջպետական հարաբերությունների հարթություն: Այս մասին վերջին տարիներին լուրջ հրապարակումներ են եղել միջազգային մամուլում: «Սա լուրջ զգուշացում է այն երկրներին և քաղաքական գործիչներին, որոնց մոտ այսպիսի գործարքների գնալու գայթակղություն է առաջանում»,-ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում