Թուրքական իշխանությունները բավարար չափով չեն պահպանում Կարսի պատմական շինությունները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում գանձ որոնողներն այժմ էլ սկսել են փորել Կարսի պատմական ամրոցի պատերը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Իլհաս» լրատվական գործակալությունը:
Օգոստոսի 2-ին հայտնաբերվել է, որ Կարսի ամրոցի սկզբնամասում գտնվող Կովկասյան համալսարանի նախկին տնտեսագիտության ֆակուլտետի մուտքի պատի տակ մեծ անցք է փորվել: Կարսեցիները զարմացել են, որ Կարսում եւ տարածաշրջանում հայերի թողած գանձերը որոնողներն ամրոցի պատի տակը փորել են օրը ցերեկով եւ այն էլ դիմացում գտնվող զինվորական կետի եւ համալսարանի անվտանգության աշխատակիցների աչքի առաջ: Նշվում է, որ գանձ որոնողներն ամրոցի պատի տակից նախկին թոնրի մասեր, կավե ամանների կտորներ են հայտնաբերել եւ թողել տեղում:
Թուրքական լրատվական գործակալությունն ընդգծում է, որ նման երեւույթը վկայում է այն մասին, որ թուրքական իշխանությունները բավարար չափով չեն պահպանում Կարսի պատմական շինությունները, հուշարձաններն ու ամրոցը: