Մամեդյարովը Փարզիում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Փարիզ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպելու նպատակով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական SalamNews գործակալությունը:
Հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի 3-ին: Ադրբեջանի ԱԳ նախարարությունից արած պարզաբանման մեջ նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման նպատակը հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի քննարկումն է:
ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների`Ռոբերտ Բրադտկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկիհետ Փարիզում սեպտեմբերի 2-ին հանդիպել է նաեւ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:Հանդիպման օրակարգի միակ հարցը մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու հունգարա-ադրբեջանական խայտառակ գործարքի արդյունքում ստեղծված իրավիճակն էր` ոչ միայն բանակցային ողջ գործընթացի, այլև տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության վրա ունեցած իր բոլոր բացասական հետևանքներով:
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքը, միջազգային կոնվենցիաներն ու համաձայնագրերը, իր իսկ ստանձնած պարտավորությունները, խոչընդոտում է համանախագահների` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը, շարունակաբար մերժում հակամարտության հանգուցալուծմանն ուղղված առաջարկները, ի չիք է դարձնում փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները, լուրջ սպառնալիք է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը:
Միջազգային հանրությունը չի կարող հանդուրժել բանակցային գործընթացի քողի տակ Ադրբեջանի արկածախնդրային քաղաքականության շարունակումը: