Միջազգային

Շառլոտում մեկնարկում է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության նախընտրական համագումարը

3 րոպեի ընթերցում

Շառլոտում մեկնարկում է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության նախընտրական համագումարը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շառլոտում (Հյուսիսային Կարոլինա) սեպտեմբերի 3-ին մեկնարկում է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության համագումարը, որտեղ գործող նախագահ Բարաք Օբաման եւ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը կհայտարարվեն այս տարվա նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունների պաշտոնական թեկնածուներ: Համագումարի աշխատանքը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 7-ը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Համագումարին կմասնակցեն 50 նահանգներից, Կոլումբիայի օկրուգից եւ ամերիկյան հինգ տարածքներից ժամանած շուրջ 6 հազար պատվիրակներ` 2 հազարով ավելի, քան 2008 թվականին: Ընդամենը սպասվում է, որ համագումարին ներկա կլինի մոտավորապես 35 հազար մարդ, այդ թվում` շուրջ 15 հազար լրագրող:

Այս տարի համագումարի ժամանակացույցը որոշ փոփոխություններ է կրել: Քանի որ համաժողովի առաջին օրը համընկել է տոնական օրվա` Աշխատանքի օրվա հետ, պաշտոնական ելույթները, այդ թվում` Սան Անտոնիոյի քաղաքագլուխ Ջուլիան Կաստրոյի ճառը, որը գլխավորն Է լինելու, տեղափոխվել են հաջորդ օրերին:

Ավանդույթի համաձայն` Օբաման եւ Բայդենը հինգշաբթի երեկոյան պաշտոնապես կընդունեն ԱՄՆ-ի նախագահի եւ փոխնախագահի թեկնածուներ դառնալու Դեմոկրատական կուսակցության առաջարկը: Համապատասխանաբար նրանց առաջադրման հարցի շուրջ քվեարկությունը տեղի կունենա մինչ այդ:

Ինչպես հաղորդել են տեղական ԶԼՄ-ները, նախընտրական կուսակցական համագումարի նախօրյակին Դեմոկրատական կուսակցության կողմնակիցները Շառլոտ քաղաքում տեղի իշխանությունների աջակցությամբ կանգնեցրել են նախագահ Օբամայի վիթխարի ավազե քանդակը: «Օբամայի մոտավորապես 7,5 մետր բարձրությամբ արձանը կիրակի օրը տեղադրվել է Շառլոտում: Այն պատրաստված է ավազից, բայց ոչ թե լողափի, այլ` ոչ հեռու հանքից բերված ավազից: Ավազե Օբամայի վրա աշխատել են Ֆլորիդայից քանդակագործ Լերի Հադսոնը եւ նրա հինգ օգնականները»,- նշում են տեղական հեռուստաալիքները:

Նախագծի արժեքը կազմել է շուրջ 30 հազար դոլար, դրա համար փող է հատկացրել նահանգի գլխավոր առողջարանի` Մերթլ Բիչ քաղաքի զբոսաշրջության վարչությունը: Քանդակի պատրաստման համար պահանջվել է ավելի քան 15 տոննա ավազ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում