Սիրիայի «Ազատ բանակ»-ը խորհուրդ չի տալիս ավիափոխադրողներին սեպտեմբերի 4-ից չվերթեր իրականացնել Դամասկոս և Հալեպ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի «Ազատ բանակ»-ի ղեկավարությունը, որը հանդիսանում է ընդդիմության ռազմական հենարանը, խորհուրդ չի տալիս միջազգային ավիափոխադրողներին չվերթեր իրականացնել Դամասկոս և Հալեպ` սկսած սեպտեմբերի 4-ից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին տեղեկացրել է «Աշ-Շարկ ալ-ասուաթ» թերթը:
«Դամասկոսի և Հալեպի քաղաքացիական օդանավակայանները կարող են Սիրիայի «Ազատ բանակ»-ի հարձակումներին ենթարկվել, քանի որ դրանք ռեժիմի կողմից օգտագործվում են ռազմական ավիացիայի համար` սիրիական զինված ապստամբների դեմ հարվածներ հասցնելու նպատակով»,- նշված է «Ազատ բանակ»-ի հայտարարության մեջ:
«Քաղաքական դիտորդների կարծիքով` «Ազատ բանակ»-ի հայտարարության նպատակը միջազգային հանրության ուշադրության հրավիրումն է այդ խնդրին: Համաձայն միջազգային իրավանորմերի` չի թույլատրվում քաղաքական օդանավակայաններն օգտագործել ռազմական նպատակներով»,- գրել է «Աշ-Շարկ ալ-ասուաթ» թերթը: