Եվրոգոտում գործազուրկների թիվը գերազանցել Է 18 միլիոնը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոգոտում առանց աշխատանքի մնացած քաղաքացիների թիվը 2012 թվականի հուլիսին գերազանցել Է 18 միլիոնը, իսկ գործազրկության ընդհանուր մակարդակը կազմել Է 11,3 տոկոս: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Eurostat-ի պաշտոնական մամլո տեղեկագրում: Համեմատության համար նշենք, որ 2011 թվականի հուլիսին եվրոգոտում գործազրկությունը կազմել Է 10,1 տոկոս:
Ինչպես նշում Է «Ֆրանսպրես» գործակալությունը, եվրոգոտում գործազրկության ընթացիկ մակարդակը ռեկորդային Է դիտարկումների ողջ ժամանակաշրջանում, այսինքն՝ 1995 թվականից ի վեր: 11,2 տոկոս կազմող նախորդ ռեկորդը սահմանվել Էր ընթացիկ տարվա հունիսին:
Հունիսի համեմատությամբ եվրոգոտու 17 երկրներում գործազուրկների թիվը 2012 թվականի հուլիսին աճել Է 88 հազարով: Գործազրկության ամենաբարձր մակարդակը գրանցվել Է Իսպանիայում (25,1 տոկոս) եւ Հունաստանում (23,1 տոկոս՝ ընթացիկ տարվա մայիսին): Գործազրկության առավել ցածր ցուցանիշները գրանցվել են Ավստրիայում (4,5 տոկոս), Նիդեռլանդներում (5,3 տոկոս), ինչպես նաեւ Գերմանիայում եւ Լյուքսեմբուրգում (5,5 տոկոս):
Եվրամիության մեջ մտնող 27 պետություններում գործազուրկների թիվը 2012 թվականի հուլիսին հասել Է 25 մլն 254 հազարի, իսկ գործազրկության մակարդակը կազմել Է 10,4 տոկոս: Մեկ տարի առաջ այդ ցուցանիշը 9,6 տոկոսի նշագծին Էր:
Հուլիսին Աշխատանքի միջազգային կազմակերպությունը հրապարակել Էր հետազոտություն, ինչից հետեւում Է, որ եթե եվրոգոտու իշխանությունները չփոխեն տնտեսական քաղաքականությունը, տարածաշրջանին սպառնում Է գործազրկության կտրուկ աճ՝ մինչեւ 22 միլիոն մարդ: