Տարածաշրջանային

«Թուրքիա»-ն փակվել է. պատճառը ֆինանսական խնդիրներն են

2 րոպեի ընթերցում

«Թուրքիա»-ն փակվել է. պատճառը ֆինանսական խնդիրներն են

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական «Թուրքիա» կուսակցության առաջնորդ Աբդուլաթիֆ Շեները հայտարարել է, որ ֆինանսական սղության պատճառով կուսակցությունը փակվել է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է CNNTurk-ը:

Թուրքական հեռուստաալիքը հայտնել է, որ Շեները Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հիմնադիրներից է, սակայն, այլ տեսակետներ ունենալու պատճառով ԱԶԿ-ից հեռանալուց հետո, 2009 թ-ին ստեղծել էր «Թուրքիա կուսակցություն»-ը:

Կուսակցության առաջնորդը 2011 թ-ի փետրվարի 27-ին Twitter-ում գրել էր «ազգային ուղենիշ չունեցող ոչ մի քաղաքական կուսակցություն, անկախ նրանից` իշխանություն, թե ընդդիմություն է, գոյություն ունենալու եւ գործելու իրավունք չունի: Շեները նշել է, որ ստեղծվելու օրվանից կուսակցությունը ֆինանսական դժվարություններ է ունեցել եւ չի հաջողվել հովանավորներ գտնել: Շեները հաճախակի քննադատել է թուրքական կառավարության արտաքին ու տնտեսական քաղաքականությունը: Նա նաեւ հայտարարել էր, որ «թուրք ժողովուրդը պետք է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանն այլընտրանք որոնի»:

Նշենք, որ Թուրքիայի կառավարությունը բյուջեից հատկացումներ է կատարում պետական գրանցում ստացած քաղաքական կուսակցություններին ֆինանսական աջակցության նպատակով: Ինչպես երեւում է` Թուրքիայի իշխող կուսակցությանը դեմ արտահայտությունների համար ԱԶԿ-ը ֆինանսական աջակցությունից զրկել է «Թուրքիա կուսակցություն»-ը: Թուրքական կառավարությունը ֆինանսական աջակցություն չի ցուցաբերում նաեւ Թուրքիայի խորհրդարանում 35 պատգամավորներ ունեցող միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցությանը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում