Տարածաշրջանային

Բաղըշին զայրացրել է ֆրանսիական դասագրքերում Հայոց ցեղասպանության բաժնի ընդգրկումը

2 րոպեի ընթերցում

Բաղըշին զայրացրել է ֆրանսիական դասագրքերում Հայոց ցեղասպանության բաժնի ընդգրկումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը խստորեն դատապարտել է Ֆրանսիայի միջնակարգ դպրոցների պատմության և աշխարհագրության դասագրքերում «Հայոց ցեղասպանություն» վերնագրով բաժնի ընդգրկումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Sondakika կայքը:

Թուրք նախարարը նման զարգացումներն անվանել է «անհեռանկար քաղաքականության արդյունք»: Նա խորհուրդ է տվել Ֆրանսիային դասագրքերում 1915 թվականի դեպքերի վերաբերյալ տեղեկություններ տեղադրելու փոխարեն ուշադրություն դարձնել սեփական պատմության մեջ առկա «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսի ընկալմանը երկրում: «Հուսով ենք, որ Ֆրանսիան անհապաղ հետ կկանգնի նման սխալից»,- հայտարարել է Բաղըշը:

Թուրք նախարարը չի զլացել հերթական անգամ կրկնել թուրքական պաշտոնական տեսակետն այն մասին, թե իբր «Թուրքիայի պատմության մեջ չկան ցեղասպանություններ»:

Ֆրանսիայի պատմության և աշխարհագրության դասագրքերում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բաժնի ընդգրկումը լուրջ դժգոհություն է առաջացրել Թուրքիայում: Որոշ թուրք վերլուծաբաններ կարծիք են հայտնել, թե այս փաստը հերթական անգամ գալիս է ապացուցելու, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաստատակամ է Հայոց ցեղասպանությունը քրեորեն պատժելի դարձնող օրինագծի ընդունման հարցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում