Թուրք հրապարակախոսները քննադատել են Էրդողանի կուսակցի հայտարարությունը հայերի մասին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում լուրջ արձագանք է գտել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) անդամ Մուհյեթթին Աքսաքի արած հայտարարությունն այն մասին, որ Քրդական բանվորական կուսակցության անդամների համար խոսելիս պետք է օգտագործել ոչ թե «զոհվել», այլ «սատկել» բառը: Թուրք պատգամավորը, խոսելով քուրդ զինյալների մասին, հայտարարել էր նաև, որ դրանց մեջ շատ են «դավանափոխ հայերի երեխաները»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Հուրիեթ» պարբերականի մի շարք սյունակագիրներ հրապարակել են հոդվածներ, որտեղ խստորեն քննադատել են Էրդողանի կուսակցի արած հայտարարությունը հայերի վերաբերյալ:
Պարբերականի սյունակագիր Սեդաթ Էրգինը հրապարակել է հոդված «Արդյոք հայ լինելը հանցանք է» վերնագրով, որտեղ բացասական գնահատական է տալիս թուրք պատգամավորի` ատելություն սերմանող հայտարարությանը: «Երբ ԱԶԿ պատգամավորը Քրդական աշխատավորական կուսակցության անդամներին անվանում է «դավանափոխ հայերի երեխաներ», նա դրանով վիրավորում է նաև Թուրքիայում բնակվող ցանկացած հայի»,- հայտարարել է նա` նշելով, որ, ատելություն սերմանող տարբեր արտահայտություններ անելով, Թուրքիան վտանգում է սեփական ապագան: Նա խորհուրդ է տվել թուրք իշխանություններին հայերին սիրաշահելու համար դիմել կոնկրետ քայլերի:
Մեկ այլ թուրք սյունակագիր Ահմեդ Հաքանը իր հոդվածում գրել է, որ ներկայում Թուրքիայում կրկնվում այն, ինչ տեղի թ ունեցել 1980-1990-ական թվականներին: Դիմելով ԱԶԿ պատգամավորին` նա նշում է. «Եթե ցանականում ես ազգամոլությամբ տառապել կամ չարություն գործել, գնա՚, դա արա՚ ուրիշ հողի վրա: Դա մի՚ արա` թիրախ առնելով անմեղ հայ հայրենակիցներին, որոնց թիվը նվազելով հասել է 20 հազարի»: