Շվեյցարացի գիտնականները կբացեն Արաֆաթի գերեզմանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոզանի համալսարանի շվեյցարացի գիտնականներն օգոստոսի 24-ին հայտարարել են, որ սկսելու են Պաղեստինի նախկին ղեկավար Յասեր Արաֆաթի արտաշիրիմումը: Արդեն հաստատվել է, որ Արաֆաթի այրին` Սուհա Արաֆաթը, համաձայնություն է տվել նման ուսումնասիրություններ անցկացնելու համար:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, արդեն որոշված է, որ շվեյցարացի մասնագետները, ովքեր համաձայնություն են ստացել նաեւ պաղեստինյան իշխանություններից, կզբաղվեն այդ ուսումնասիրություններով:
Ավելի վաղ գիտնականնները սպասում էին Սուհա Արաֆաթի համաձայնությանը` պարզելու Յասեր Արաֆաթի մահվան հանգամանքները:
Յասեր Արաֆաթի մահվան մասին վերջերս տարածված տեղեկությունները հակասական են: Ալ Ջազիրա հեռուստաընկերությունը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ, Յասեր Արաֆաթին թունավորել են:Պաղեստինի նախկին առաջնորդը մահացել է 2004 թվականին, Փարիզում: Արաֆաթը թաղված է Հորդանանի արեւմտյան ափին գտնվող Ռամալլահ քաղաքում: