Հարավային Կորեան սմարթֆոնների օգտատերերի թվով դարձել Է համաշխարհային առաջատարներից մեկը
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 50 մլն բնակչություն ունեցող Հարավային Կորեայում սմարթֆոնների օգտատերերի թիվն օգոստոսին գերազանցել Է 30 միլիոնը: Այսպիսով, երկիրը «բնակչության մեկ շնչին ընկնող սմարթֆոնների» ցուցանիշով դարձել Է համաշխարհային առաջատարներից մեկը:
Դա տեղի Է ունեցել այն բանից ընդամենը երկուսուկես տարի հետո, երբ շարժական կապի ծառայությունների ոլորտի առաջատար երեք օպերատորներից մեկը՝ «Քեյ Թի» ընկերությունը, վաճառքի հանեց ամերիկյան «Էփըլ» ընկերության առաջին Այֆոնները: Այժմ յուրաքանչյուր տասը հարավկորեացիներից վեցն օգտվում են «խելացի շարժական հեռախոսներից»:
Անցյալ տարվա հուլիսին չորրորդ սերնդի (LTE) սմարթֆոնների համար ցանցերի երեւան գալը նոր ազդակ Է հաղորդել շարժական կապի առանց այդ Էլ հագեցած շուկային: Մասնավորապես, հնարավոր Է դարձել առանց ժամանակ կորցնելու ֆիլմեր դիտելը եւ հաշված վայրկյանների ընթացքում լիաֆորմատ կինոնկարներ բեռնելը: Երկրում այդ ցանցերին այժմ միացել Է սմարթֆոնների օգտատերերի գրեթե 30 տոկոսը:
Սակայն տեխնիկական առաջընթացը նաեւ որոշակի վտանգներ Է բերել: Սմարթֆոններից կախվածությունը Հարավային Կորեայում դարձել Է լուրջ սոցիալական հիմնախնդիր, գրում Է «Կորիա թայմս» թերթը: Կորեայի Կապի հարցերով զբաղվող կոմիտեի տվյալների համաձայն՝ «խելացի շարժական հեռախոս» ունեցող յուրաքանչյուր տասը կորեացուց յոթը կապվածության նշաններ ունեն, եւ նրանց գրեթե մեկ երրորդն սկսում Է նյարդայնանալ, երբ մնում Է առանց սիրելի Էլեկտրոնային խաղալիքի: Հարցման տվյալների համաձայն՝ դրա մասնակիցների 84 տոկոսը հայտարարել Է, որ նույնիսկ մեկ օր չի կարող ապրել առանց սմարթֆոնի: Իսկ եւս 20 տոկոսը խոստովանել Է, որ իրենց ապարատներն ստուգում են յուրաքանչյուր 10 րոպեն մեկ:
Հարավային Կորեայում աճում Է այն դեպքերի թիվը, երբ սմարթֆոններից օգտվելը հանգեցնում Է մահվան: Անցյալ շաբաթ մայրաքաղաքում իր կյանքին վերջ Է տվել դպրոցական մի աղջիկ, որը բազմահարկ շենքի պատուհանից իրեն ցած Է նետել այն բանից հետո, երբ նրան ծաղրել են «Կակաո տոկ»-ում /Kakao Talk/ (երկրում մեծ ճանաչում ունեցող մուլտիմեդիական հաղորդակցման հավելված): Բացի այդ, մարդիկ ճանապարհատրանսպորտային պատահարների մեջ են ընկնում, երբ ավտոմեքենա վարելու ընթացքում կամ քայլելիս զրուցում են շարժական հեռախոսով: Շատ ընտանիքներում բանը սկանդալների Է հասնում, երբ սմարթֆոնների օգտագործման համար հսկայական հաշիվներ են գալիս: