Տարածաշրջանային

Թուրքիան պատմության հարցում շարունակում է ջայլամի քաղաքականությունը. Թաներ Աքչամ

3 րոպեի ընթերցում

Թուրքիան պատմության հարցում շարունակում է ջայլամի քաղաքականությունը. Թաներ Աքչամ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության փաստն ընդունող թուրք մտավորական Թաներ Աքչամին անտարբեր չեն թողել ամերիկյան The New York Times պարբերականում հրապարակված «Թուրքիայի մարդու իրավունքների երկերեսանիությունը» հոդվածի նկատմամբ թուրքական հասարակության բացասական արձագանքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Աքչամն այս մասին խոսել է Sesonline.net կայքի հետ զրույցում:

Թուրք մտավորականը նշել է, որ թուրքական հասարակությունը մշտապես արհամարհում էԹուրքիայումիր գրածները, մինչդեռ օտարալեզու մամուլում տպագրված հոդվածները մեծ աղմուկ են առաջացնում: «Երբ 2006 թվականին լույս տեսավ անգլալեզու «Ամոթալի արաք» գիրքս` «Հուրիեթ» պարբերականը հարձակման անցավ: Այնինչ այդ գիրքը 1996 թվականին թուրքերեն հրատարակված համանուն գրքիս անգլերեն վերամշակումն էր»,- պատմել է Աքչամը` նշելով, որ այժմ նույնը տեղի է ունենում The New York Times պարբերականում հրապարակված հոդվածի հետ, որն իրականում 2011 թվականի օգոստոս ամսին թուրքական «Թարաֆ» պարբերականում հրապարակված իր հոդվածի սեղմագիրն էր:

Անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի` Հայոց ցեղասպանության շուրջ քննարկումների ժամանակ առաջ քաշած «Համատեղ ցավ»-ի վերաբերյալ հայեցակարգին, Աքչամը նշել է, որ այդ խոսքերն այլևս իմաստ և ուժ չունեն: «Չեմ կարողանում հասկանալ այն, որ որոշ լրագրողներ Դավութօղլուի արած հայտարարությունը համարում են «մեծ քայլ»: Եթե սա ասվեր 2002 թվականին, երբ նոր էին եկել իշխանության` միգուցե և իմաստ ունենար, սակայն այսօր այս խոսքերն ալեւս ոչ ոքի չեն կարող ոգևորել»,- ասել է թուրք պատմաբանը:

Նա վերահաստատել է իր միտքը, որ անցյալի հետ չառերեսվելու պարագայում` անցյալը հետապնդելու է Թուրքիային: «Եթե չխոսես պատմության ընթացքում կատարված մարդու իրավունքների ոտնահարումների մասին, ապա չես կարող հիմնել մարդու իրավունքների նկատմամբ հարգանք ցուցաբերող կարգ և ապագա: Իսկ Թուրքիան պատմության հարցում նախընտրում է ջայլամի նման գլուխն ավազի մեջ մտցնել»,- ասել է Աքչամը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում