Թուրքիայի պատմագիտական ընկերության նախագահ է նշանակվել հակահայ Մեհմեդ Հյուլագուն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի պատմագիտական ընկերության նախագահ է նշանակվել հակահայ հրապարակումներով հայտնի, Էրջիեզի համալսարանի ռեկտորի տեղակալ Մեհմեդ Մեթին Հյուլագուն: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական ntvmsnbc.com լրատվական կայքը:
Ըստ կայքի` Հյուլագուն Հակական հարցի, Հոլոքոստի եւ քաղաքական պատմության մասնագետ է: Նա է հեղինակել «Հանդուրժող հասարակության մեջ հայերը» եւ «Հանդուրժողականությունից հեռացած հայերը» հակահայ գրքերի 4 հատորյակները:
1992 թ-ին դոկտորական թեզ պաշտպանած 50-ամյա թուրք «գիտնականը» նույն թվականից աշխատում է Էրջիեզի համալսարանում: Թուրքիայի պատմագիտական ընկերության նախագահի պաշտոնում նշանակված Հյուլագուն դեռեւս դասախոսում է Էրջիեզի համալսարանի պատմության ֆակուլտետում, հանդիսանում է Էրջիեզի համալսարանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրենը եւ շարունակում է զբաղեցնել նաեւ համալսարանի ռեկտորի տեղակալի պաշտոնը:
Թուրքիայի պատմագիտական ընկերության` Հայկական հարցի հետ կապված շինծու եւ մտացածին հրապարակումները դարձել են Հայոց ցեղասպանության ժխտողականության հարցում Թուրքիայի պաշտոնական դիրքորոշման հիմքը: