Քաղաքականություն

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները կարևորել են Հայաստանը որպես Դաշինքի ակտիվ գործընկեր

4 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները կարևորել են Հայաստանը որպես Դաշինքի  ակտիվ գործընկեր

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հունիսի 21-ինտեղի է ունեցել ՆԱՏՕ+ Հայաստան հանդիպումը` ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի 2011թ. զեկույցի քննարկման համար:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:ՆԱՏՕ+Հայաստան հանդիպումը նախագահում էր Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն իր ելույթում անդրադարձել է ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ գործողությունների Հայաստանի կողմից հաջող կատարմանը, մայիսի 6-ին տեղի ունեցած Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին և միջազգային դիտորդական առաքելությունների կողմից այդ ընտրություններին տրված դրական գնահատականներին, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին, Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացիկ վիճակին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և հատկապես Ադրբեջանի կողմից հունիսին Հայաստանի սահմանների վրա, ինչպես նաև շփման գծի ողջ երկայնքով իրականացրած սադրանքներին ու զինադադարի խախտումներին, ինչպես նաև ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ փաստաթղթով սահմանված Հայաստանի պաշտպանական և անվտանգության համակարգերում կատարվող բարեփոխումները: Անդրադարձ է եղել ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող խաղաղապահ գործողություններին, մասնավորապես՝ Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի առաքելությանը ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությանը և առաջիկայում Կոսովո հայ խաղաղապահների վերատեղակայմանը, ՀՀ ԶՈՒ ռազմական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ռազմական համագործակցության ծրագրերին ու միջոցառումներին:

Այնուհետև ՀՀ պատվիրակության ղեկավարները պատասխանել են ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ներկայացուցիչների հարցերին: Դաշինքի ներկայացուցիչներն իրենց ելույթներում կարևորել են Հայաստանը որպես ՆԱՏՕ-ի ակտիվ գործընկեր, երախտագիտություն հայտնեցին ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասկացության համար, դրական գնահատական տվել պաշտպանական, ինչպես նաև քաղաքական բարեփոխումներին, մայիսի 6-ին Հայաստանում կայացած ԱԺ ընտրություններին: Որպես քաղաքական երկխոսության առաջընթաց գնահատվեց մարտի 6-ին ՀՀ Նախագահի՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայան կատարած այցը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, պատվիրակները վերահաստատել են իրենց պետությունների հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման երեք հիմնական` ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքներին

Հունիսի 22-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Ա.Վերշբոուի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության օրակարգային հարցեր, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում