Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ընթերցողների դատին հանձնվեց Լյուդվիգ Դուրյանի «Այսքանը իմ կյանքից» գիրքը

Ընթերցողների դատին հանձնվեց Լյուդվիգ Դուրյանի  «Այսքանը իմ կյանքից» 
գիրքը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանի «Այսքանը իմ կյանքից» հուշապատումի շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի 21-ին` Հայաստանի գրողների միությունում:

«Այս գիրքը կենսագրական է, որտեղ ներկայացվում է բանաստեղծի կյանքը` մանկությունը, բանաստեղծական  բարդ եւ լուսավոր ճանապարհը, ստեղծագործական կուտակումները եւ կյանքի վերջին օրերը»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լյուդվիգ Դուրյանի այրին` Ջեմա Պետրոսյանը` հավելելով, որ գրքում ներկայացվում են նաեւ Գեղամ Սարյանի, Հովհաննես Շիրազի, Պարույր Սեւակի, Մկրտիչ Սարգսյանի, Վահագն Դավթյանի կենդանի եւ ինքնատիպ դիմանկարները:

Նրա խոսքով` Դուրյանը դեռ շատ ասելիք ուներ, բայց չհասցրեց եւ ամեն ինչ թողեց անավարտ: «Նա ցանկանում էր գրականության մեջ բացահայտել հայ կնոջը եւ այն դարձնել ազգային կերպար»,-նշեց Ջեմա Պետրոսյանը` հավելելով, որ Դուրյանի համար ողջ ստեղծագործական կյանքում առաջնահերթը եղել է հայրենասիրոււթյունը:

«Այսքանը իմ կյանքից» հուշապատումի մեջ բացի կենսագրությունից զետեղված են նաեւ «Թումանյանը ամեն վայրկյան» գրական էսսեն եւ «Նրանք անեցիներ են» ակնարկը:

Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն ավելացրեց, որ  Դուրյանը մի բանաստեղծ է, ում հասարակությունը սիրում ու գնահատում է եւ նրա միջոցով կարողացավ ծանոթանալ ճշմարիտ գրականությանը:

«Նա մի մարդ էր, ում ականջին Ավետիք Իսահակյանը շշնջաց, որ հարկավոր է լինել ժողովրդի հետ: Նա գնաց, թողնելով իր ապրած կյանքի պատկերը, քաղաքացու, հայի, բանաստեղծի կերպարը»,-ընդգծեց Լեւոն Անանյանը:

Նա նշեց, որ այս գիրքը մի բանալի է, որը հնարավորություն է տալիս ընթերցողին մուտք գործել Դուրյանի գրական աշխարհ եւ քայլ առ քայլ հետեւել նրա հասունացմանը:

Լյուդվիգ Դուրյանը ծնվել է 1933 թվականի հունիսի 21-ին Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի Չալթր հայաբնակ գյուղում: 1935 թվականին ընտանյոք տեղափոխվել է Հայաստան: Ավարտել է Մոսկվայի Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացները: Երկար տարիներ պատասխանատու պաշտոններ է վարել Հայաստանի գրահրատարակչության ասպարեզում եւ բեղմնավոր, շնորհակալ աշխատանք կատարել մեր հին եւ նոր գրականության արժեքավոր գրքերի հրատարակման ասպարեզում: Նա արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում` Հովհ. Թումանյանի անվան գրական մրցանակի: Իր սկզբունքայնության, մարդկային բարձր արժանիքների շնորհիվ Լյուդվիգ Դուրյանը մեծ հեղինակություն էր վայելում գրական հասարակայնության շրջանում, սիրված եւ ճանաչված անուն էր թե՛ գրաքննադատների եւ թե՛ ընթերցողների կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]