Տարածաշրջանային

Քրդերը ցանկանում են մայրենի լեզվով կրթություն ստանալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիարբեքիրում առաջին անգամ տեղի է ունեցել «Քրդական ազգային լեզվի գիտաժողով», որին մասնակցել են Սիրիայում, Իրանում, Իրաքում, Եվրոպայում, Կովկասում և Կանադայում բնակվող շուրջ 200 քրդերենի մասնագետներ և լեզվաբաններ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական DHA լրատվական գործակալությունը:

Մասնակիցները, նախքան գիտաժողովի սկսվելը, 1 րոպե լռությամբ հարգել են ժողովրդավարության և անկախության համար կյանքը կորցրած քրդերի հիշատակը: Գիտաժողովի բացման խոսքը քրդերեն արած Ահմեդ Թուրքը իր խոսքում ասել է, որ իրենք ցանկանում են քրդերենն օգտագործել ամեն բնագավառում: «Ցանկանում ենք, որպեսզի քրդերենը դառնա կրթության, քաղաքականության պաշտոնական լեզուն: Տարիներ ի վեր քրդերենի նկատմամբ պետությունները ճնշումներ են գործադրել»,- ասել է նա: Ահմեդ Թուրքը քննադատել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչի հայտարարությունն այն մասին, որ քրդերենը քաղաքակրթության լեզու չէ և դրանով կրթությունն իրականացվել չի կարող:

Թուրքը, նշելով, որ ինքն արդեն 30 տարի է` պայքարում է ազատության և արժանապատիվ կյանքի համար, ասել է. «Հաղթանակը միասնությամբ է լինում: Կրոնի և քաղաքականության մեջ միասնությունն անչափ կարևոր է: Այս հարցում ստիպված ենք որոշ աշխատանքներ տանել: Այս օրը ոչ միայն լեզվի, այլև քաղաքական առումով քրդերի համար շատ կարևոր օր է»:

Դիարբեքիրում սկսված գիտաժողովը տևելու է 3 օր, քննարկվելու են քրդերեն լեզվի հետ կապված խնդիրներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում