Ադրբեջանում ամուսնալուծությունների թիվն աճել է
15:01, 22 Փետրվար, 2012ԲԱՔՈՒ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի խորհրդարանի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Հադի Ռաջաբլին հայտարարել է, որ վերջին 7 տարիներին Ադրբեջանում ամուսնությունը պաշտոնապես գրանցածների մեջ ամուսնալուծվածների թիվը, երկու անգամ աճելով, հասել է 10 տոկոսի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը:
Ռաջաբլին ասել է, որ Ադրբեջանում գնալով աճում է քաղաքացիական ամուսնությունների թիվը: Նրա խոսքով` դա պայմանավորված է ադրբեջանցիների մոտ ընդունված բազմակնության գործոնով` տարբեր կանանցից երեխաներ ունենալու փաստով:
Ռաջաբլին կարեւորել է խորհրդարան ներկայացված` ամուսնական պայմանագիր կնքելու համար պարտադիր կերպով ամուսնացողների առողջության մասին տեղեկանք պահանջելու վերաբերյալ օրենսդրական առաջարկը: «Բժշկական տեղեկանքը կուլտուրա է: Ամուսնացողները պետք է իմանան, թե ում հետ են ամուսնանում: Դեպքեր կան, երբ ամուսնությունից հետո պարզվում է, որ երիտասարդը թմրամոլ է, կամ հարուստ ընտանիքից լինելով հանդերձ` նյարդային հիվանդ է», -նշել է նա:
Հանձնաժողովի նախագահը նաեւ հավելել է, որ կրոնավորներին արգելվել է, առանց առողջության մասին` հատկապես վեներական հիվանդությունների բացակայության մասին տեղեկանքի, ամուսնության պայմանագիր կնքել: «Որ մոլլան որ այդպես վարվի, կբնութագրվի որպես սրիկա եւ խարդախ մարդ», -ասել է Ռաջաբլին:
Դիտվել է 73 անգամ

Ֆոտոհոսք
RSS
