Տարածաշրջանային

Սիրիայում բռնությունները շարունակվում են

2 րոպեի ընթերցում

Սիրիայում բռնությունները  շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Հոմս քաղաքում փետրվարի 4-ից սկսված բռնությունները շարունակվում են նաև փետրվարի 22-ին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Զաման» թերթը:

Փետրվարի 21-ին քաղաքը կրկին ռմբակոծվել է: Կրակի տակ է առնվել Բաբ Ամրո թաղամասը, որի մեծ մասը բնակեցված է թուրքմեններով: Արդյունքում զոհվել են 41 մարդ, որի 10-ից ավելին երեխաներ են, 350-ից ավել մարդ վիրավորվել է : Թերթը նշում է, որ քաղաքի բնակիչները գոյատևում են անձրևի ջրով: Շատ վիրավորներ բժիշկների և անհրաժեշտ դեղամիջոցների բացակայության պատճառով հարազատների աչքի առաջ մահանում են: Հոմս քաղաքի բնակիչներից մեկը հայտնել է, որ իրենք ուտելու բան այլեւս չունեն: «Եթե մարդիկ ռմբակոծումից չմահանան, մոտ ժամանակներս սովից կմահանան»,- նշել է նա: Բաբ Ամրո թաղամասի մեկ այլ բնակիչ, նկարագրելով իրենց բնակվելու պայմանները, ասել է, որ այն տները, որտեղ այժմ իրենք տեղափոխվել են, այնքան փոքր են, որ հերթափոխով են քնում: «Ամեն օր մեր աչքի առաջ մեր բարեկամները մահանում են, և ոչինչ անել չենք կարողանում»,- նշել է նա:

Փետրվարի 4-ից սկսած քաղաքի ռմբահարման արդյունքում վիրավորվածների թիվը ներկայում հասնում է երկու հազարի: Վիրավորներին խնամելու համար թաղամասում ընդամենը 2-3 բժիշկ կա:

Սիրիայում գտնվող միակ միջազգային կազմակերպությունը` «Կարմիր խաչ»-ը, քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու նպատակով ներկայում բանակցություններ է վարում Սիրիայի ղեկավարության հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում