Ադրբեջանն անհանգստացած է Ֆրանսիայի հետ հարաբերությունների վատթարացման հեռանկարով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս Ադրբեջանում «Քարադաղլըի դեպքերին» նվիրված միջոցառմանը Ֆրասիայի դեսպանի չմասնակցելը լուրջ անհանգստություն էր առաջացրել ադրբեջանցի քաղաքական գործիչների և քաղաքագետների շրջանում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները:
«Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Նուրեդդին Մեմեդլինի պնդմամբ` Ադրբեջանը, հենվելով Թուրքիայի հետ ունեցած հարաբերություններին վրա, պետք է Ֆրանսիայի նկատմամբ խիստ դիրքորոշում ցուցաբերի: Մեմեդլինը նշել է, որ ադրբեջանական կառավարության հետ Ֆրանսիայի հարաբերությունները սահմանափակվում են միայն Ալիևների ընտանիքի հետ ունեցած կապերով: Սակայն նման պարագայում այդ ամենը պետք է վեր չդասել պետական շահերից: «Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի վավերացումը Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի համար լուրջ խնդիրներ կարող է առաջացնել»,- նշել է նա:
Ադրբեջանցի քաղաքական փորձագետ Զեֆեր Գուլիևի կարծիքով` Ֆրանսիայի դեսպանի նման դիրքորոշումը պատահական չէ և համաձայնեցված է Փարիզի հետ: «Կարծում եմ, որ Ֆրանսիայի դեսպանի` միջոցառմանը չներկայանալը ադրբեջանական իշխանությունների հետ հարաբերությունների վատթարացման նշան է»,- նշել է փորձագետը: