Տարածաշրջանային

Թուրքական հետախուզությունը հսկողություն է սահմանել ռուսաստանյան «Յանդեքս»-ի նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Թուրքական հետախուզությունը հսկողություն է սահմանել ռուսաստանյան «Յանդեքս»-ի նկատմամբ

ԱՆԿԱՐԱ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) որոշել է հսկողության տակ առնել ռուսաստանյան «Յանդեքս» ընկերության գործունեությունը Թուրքիայի տարածքում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերթուրք» թերթը:

Գերատեսչությանն անհանգստացրել է ռուսաստանյան համացանցային ընկերության կողմից փետրվարի 20-ին տարածված Թուրքիայի ռազմավարական օբյեկտների լուսանկարները, որոնցում երեւում են Անկարայում Թուրքիայի նախագահական պալատի, կառավարության, զինված ուժերի գլխավոր շտաբի, այդ թվում նաեւ MIT-ի շենքերի եռաչափ պատկերներն ու մանրամասն քարտեզները:

Թուրքական օրենսդրությամբ պետական կառույցների, հատկապես, ազգային անվտանգության հետ կապված շենքերի լուսանկարներն ու տեսանկարահումները կարող են կատարվել միմիայն համապատասխան թույլատրություն ունենալու դեպքում: Նշվում է, որ «Յանդեսք»-ն ունեցել է այդ թույլատրությունը:

Այն բանից հետո, երբ «Յանդեքս»-ի թուրքական քարտեզներում հայտնաբերվել են հիշյալ ռազմավարական օբյեկտները, հետախուզական գերատեսչությունը ներքին գործերի նախարարություն է ուղարկել մի շրջաբերական, որի համաձայն` թուրքական քաղաքների փողոցներն ու շենքերը լուսանկարելու թույլատրությունը պետք է ստանալ ոչ թե նահանգապետարաններում, այլ ԶՈւ գլխավոր շտաբում, եւ որոշակի դեպքերում, անգամ Թուրքիայի նախագահի աշխատակազմում:

«Յանդեքս»-ն իր թուրքական գրասենյակը բացել է 2011 թ-ի սեպտեմբերին` Ստամբուլում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում