Իրանը կրկին նոտա է հղել Ադրբեջանին
2 րոպեի ընթերցում

ԹԵՀՐԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը վերջին 10 օրվա ընթացքում երկրորդ նոտան է հղել Ադրբեջանին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը, Բաքվում Իրանի դեսպանատունը ադրբեջանական կողմից բողոքի նոտա է հղել` կապված Ադրբեջանում իրանցի լրագրողների ձերբակալվելու հետ:
Իրանի դեսպանատան կողմից այդ մասին տարածված հայտարարության մեջ, մանսավորապես, ասվում է. «Լրագրողների ձերբակալության փաստը հակասում է միջազգային նորմերին, հետեւաբար, Իրանի դեսպանատունը պահանջում է անհապաղ ազատ արձակել լրագրողներին»:
Հավելենք, որ փետրվարի 21-ին Իրանի իսլամական հանրապետության նախագահի եղբայրը` Դավուդ Ահմադինեժադը նույնպես դատապարտել է Բաքվում իրանական ԶԼՄ-երի ներկայացուցիչների ձերբակալությունը: Նա, մասնավորապես, նշել է, որ Ադրբեջանն այդ քայլին է գնացել ԱՄՆ-ի եւ Իսրայելի ճնշման տակ: Նա հավելել է, որ այնպիսի երկրներ, ինչպիսին Ադրբեջանն է, գործում են գերտերթյունների կողքին, եւ անկախություն, ինչպես այդպիսին, չունեն, քանի որ նման քայլերը վկայում են, որ այդ երկրները զրկված են անկախությունից:
Իր հերթին, Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ, պատգամավոր Ֆաթեմե Ալիան, անդրադառնալով այդ հարցին, հայտարարել է, որ «Ադրբեջանի նման սատանայությունն անպատասխան չի մնա, եւ Իրանի պատասխանը կլինի շատ սուր»:
Փետրվարի 18-ին իրանական ԶԼՄ-երը հայտնել են, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները առանց որեւէ պատճառի ձերբակալել են իրանական «Ֆարս» լրատվական գործակալության եւ «Սահար» հեռուստաընկերության թղթակիցներին: Իսկ բոլորովին վերջերս Ադրբեջանից արտաքսվել է Իրանի հոռուստառադիոընկերության Բաքվի գրասենյակի ղեկավարը:
Նշենք, որ մի քանի օր առաջ Իրանը եւս մեկ նոտա է հղել Ադրբեջանին, այդ երկրի տարածքում Իրանի դեմ Իսրայելի հետախուզական ծառայություններ գործելու վերաբերյալ փաստեր ունենալու մասին: