Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանի կառավարությանը` բարձրացնելու երկրի մրցունակությունը
13:25, 17 Փետրվար, 2012ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանին պաշտպանելու իր առավել անապահով բնակչությանը, բարձրացնելու մրցունակությունը` մասնավոր հատվածի համար առավել նպաստավոր միջավայր ապահովելու եւ կառավարումն ուժեղացնելու միջոցով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին:
Հայաստանին տրամադրվող Երրորդ Զարգացման քաղաքականության գործառնությունը` 80 միլիոն ԱՄՆ դոլար գումարով, կոչված է սատարելու Հայաստանի կառավարությանը` իր ռազմավարական նպատակներին հասնելու գործում:
Հապիի խոսքով` Հայաստանի մրցունակությունը բարձրացնելու եւ նրա աճի ներուժը հզորացնելու համար գործառնությունը կարեւորում է մեկ պատուհանի սկզբունքի ներդնումը ձեռնարկությունների գրանցման գործընթացում, ռիսկերի վրա հիմնված աուդիտի ներմուծումը, «կանաչ միջանցքների» մշտական կիրառումը` մաքսազերման գործընթացը դյուրացնելու, էլեկտրոնային հաշվետվության համակարգի կիրառումը` հարկային պարտավորություններն իրականացնելու հետ կապված ծախսերը նվազեցնելու նպատակով: Այն նաեւ կնպաստի «Ընդերքի մասին նոր օրենսգրքի» կիրարկմանն ուղղված կանոնակարգի մշակմանը` ներդրումներ գրավելու նպատակով:
«Չնայած տնտեսության վերականգնումն ընթացքի մեջ է` Հայաստանի առջեւ կանգնած են մարտահրավերներ. դեպի շուկա նոր ընկերությունների մուտքը եւ տնտեսական մրցակցությունը խթանելու, այդ թվում` տնտեսության արտահանող հատվածներում, եւ աճի աղբյուրների դիվերսիֆիկացնելու առումով»: Համաշխարհային բանկը վճռականորեն է տրամադրված օժանդակելու իշխանությունների ջանքերին այս մարտահրավերներին դիմակայելու հարցում»,- հավաստիացրեց Հապին:
Դիտվել է 232 անգամ

Ֆոտոհոսք
RSS
