Հայաստանն ու Ռուսաստանը համագործակցության նոր ուղղություններ են գտնում. կհիմնվեն հայ-ռուսական համատեղ ձեռնարկություններ
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովի հանդիպումը կայացել է այսօր Երեւանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Տիգրան Սարգսյանը հանդիպման ավարտին նշել է, որ քննարկվել եներկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական հարցեր: Դրանք վերաբերում են գյուղատնտեսությանը, գյուղտեխնիկայի, որակյալ սերմացուի ձեռքբերմանը և գյուղատնտեսական կենտրոնների արդիականացմանը: Աշխատանքներ են տարվում համատեղ ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ: «Արձանագրենք, որ մոտակա ամիսների ընթացքում ունենալու ենք մի քանի նոր ծրագրեր` նոր լիզինգային ըկերությունների ստեղծման ուղղությամբ: Համատեղ աշխատանքային խմբերը կաշխատեն Մոսկվայում` մեր պայմանավորվածությունների իրականացման նպատակով»,-ասաց Հայաստանի գործադիր մարմնի ղեկավարը` շնորհակալություն հայտնելով հյուրին համատեղ աշխատանքի համար:
ՎիկտորԶուբկովն ասաց, որ դրական քննարկում է ծավալվել նաեւ ՀՀ ՆախագահՍերժ Սարգսյանի մոտ: Արծարծվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր, երկկողմ առևտրաշրջանառությանը, ներդրումնային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: «Տասներկու տոկոսով ավելացել է առևտրաշրջանառությունը` հասնելով գերթե մեկ միլիարդ դոլարի: Միլիարդը ամենևին էլ սահմանը չէ: Մենք նոր ուղղություններ ենք գտնում համագործակցության, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում»,-ընդգծեց ՌԴ առաջին փոխվարչապետը: Նա փոխանցեց իր պետության մեծ ցանկությունը` համագործակցելու Հայաստանի հետ տարբեր ուղղություններով:
«Մենք գտնում ենք, որ այստեղ կարելի է հիմնել «Ռոսսելխոզբանկ»-ի դուստր ձեռնարկություն: Այն Ռուսաստանի հզոր բանկերից մեկն է, որը հայ գյուղացիների հետ կաշխատի վարկավորման ուղղությամբ:Կարող ենք բավական արդյունավետ աշխատել»,-ասաց Զուբկովը:
Մեկ ամսվա ըմթացքում երկկողմ աշխատանքային խմբերը կաշխատեն պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ: «Մենք այստեղ լավ հնարավորություններ ենք տեսնում:Մեծ ներուժ կա մշակույթային, կրթական ոլորտներում: Հնարավոր է Երևանում ստեղծել Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը»,-ընդգծեց ՌԴ փոխվարչապետը:
Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահին, վարչապետին` ջերմ և կառուցողական երկխոսության համար: