Պենտագոնը վստահ է, որ Պակիստանի իշխանություններն իմացել են Ուսամա Բեն Լադենի գտնվելու վայրը
1 րոպեի ընթերցում

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանի իշխանությունները գիտեին աշխարհի թիվ մեկ ահաբեկիչ Ուսամա Բեն Լադենի գտնվելու վայրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ամերիկյանCBS հեռուստաընկերությունը, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետտան: Համաձայն հետախուզության տեղեկությունների` պակիստանյան ռազմական ինքնաթիռները մեկ անգամ չէ, որ թռչել են այն տան վրայով, որտեղ թաքնվում էր թիվ մեկ ահաբեկիչը: «Ես մշտապես ենթադրում էի, որ ինչ-որ մեկը հաստատ պետք է իմանար այն մասին, թե ինչ է կատարվում այդ տան պատերի ներքո»,- ասել է Պանետտան` ավելացնելով, որ իր խոսքերի հստակ ապացույցներըդեռևս չունի:
Պենտագոնի ղեկավարը նաև ընդգծել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները պաշտոնական Իսլամադին տեղյակ չեն պահել Բեն Լադենի վնասազերծման օպերացիայի մասին, քանի որ զգուշանում էին, որ Պակիստանի իշխանություններից որևէ մեկը գիտի թիվ մեկ ահաբեկչի գտնվելու վայրը:
Բեն Լադենը սպանվել է ամերիկացի հատուկ ծառայությունների կողմից` Պակիստանի Աբոտաբադ քաղաքում` 2011 թվականի մայիսի 2-ին: