Վերլուծություն

Դինքը վստահ էր, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը

5 րոպեի ընթերցում

Դինքը վստահ էր, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրացավ Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» շաբաթաթերքի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության հինգ տարին:

Տարիներ անց էլ կենդանության օրոք խաղաղասեր աղավնու բարի համբավը վայելող անձնավորության հիշատակը վառ է, հույզերը նրա անվան հետ կապված' փոթորկուն:

Թուրք ազգայնականի դավադիր գնդակից զոհված հայազգի անհատականության մահով Թուրքիայում խարխլվեց անհադուրժողականության պատը. հազարավորները քաջություն ունեցան վանկարկելու ' «Մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս Հրանտ Դինքն ենք»:

Հինգ տարի ընթացող դատավարությունն այդպես էլ չկարողացավ տալ բոլոր հարցերի պատասխանները: Արդար դատավճիռ պահանջող, բայց թուրքական «արդատադատության» նկատմամբ իրավացիորեն անհավատ մարդիկ վստահ են' չեն պատժվել ոճրագործության իրական կազմակերպիչները: Մարդասպան պետության ձեռքին խամաճիկ մարդասպանն ու հանցանքը կոորդինացնողը դատապարտված են, սակայն երկու տասնամյակի կամ ցմահ ազատազրկումը չի կարող արժանի հատուցում լինել աշխարհից Հրանտ Դինքին խլած ոճրագործների համար:

Աշխարհն զգաց Հրանտ Դինքի պակասը: Հրանտ Դինքի մահով աշխարհում խաղաղասիրությունը պակասեց: Նրա մահով կանոններ խախտվեցին. աշխարհն արձանագրեց, մեղադրեց,դատապարտեց ...

Դինքի մահից հինգ տարի անց էլ իրականություն չէ Թուրքիան արդար ու իր պատմությունը ճանաչելով հզոր տեսնելու Հրանտի երազանքը: Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Երեւան եկած Հրանտ Դինքն «Արմենպրես»-ի հետ զրույցում վստահություն էր հայտնել, որ թուրք հասարակության մեջ եւ պետական ատյաններում արդեն հասունացել էր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին լուծում տալու պահը: «Առաջիկա 5-10 տարվա ընթացքում Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-ասել էր մտավորականը (կից ներկայացվում է 2005թ. ապրիլի 21-ի «Արմենպրես»-ի հրապարակումը):

Հրանտ Դինքը ծնվել է Մալաթիայում, 1954թ. սեպտեմբերի 15-ին, սպանվել՝ 2007թ. հունվարի 19-ին Շիշլիում գտնվող' «Ակոս»-ի խմբագրատան առաջ հետևից գլխին արձակված հրազենային կրակոցներից: Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավո´ւր», ինչը ենթադրելու հիմք էր տվել, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։ Սպանությունն իրականացնելու կասկածանքով ոստիկանությունը ձերբակալել էր անչափահաս Օգյուն Սամաստին, որն առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել էր մեղքը։ Կասկածյալի հետքի վրա դուրս գալուն օգնել էր նրա հայրը, ով մարդասպանի լուսանկարում ճանաչել էր որդուն։ Սամաստը 2011թ. դատապարտվել է 22 տարի 10 ամիս ազատազրկման, իսկ գործով անցնող մյուս ամբաստանյալների դատավճիռը հրապարակվել է 2012թ. հունվարի 17-ին. սպանության կամզակերպիչ Յասին Հայալը ցմահ է դատապարտվել:

2007թ. հունիսին Հրանտ Դինքին հետմահու շնորհվել է ՀՀ նախագահի մրցանակ: Պատմական արդարության վերականգնման, ժողովուրդների փոխըմբռնման, խոսքի ազատության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության գործում ունեցած նշանակալի ներդրման համար տրված մրցանակը հանձնվել է Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին, ով հայտարարել է. «Հայաստանի նախագահի մրցանակը միաժամանակ և պատվավոր, և տխուր է ընտանիքի համար: Ես համոզված եմ, որ Հրանտը կցանկանար լինել մեզ հետ: Նա միշտ ասում էր, որ Հայաստանը մեծ հայրենիքն է, իսկ Սփյուռքը՝ փոքր կղզիները»:

ԱՐՄԵՆՊՐԵՍ 2005թ. ապրիլի 21

Հ. Դինք. «Առաջիկա 5-10 տարվա ընթացքում Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը»

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա 5-10 տարվա ընթացքում Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Նման տեսակետ հայտնեց Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքը' ավելացնելով, որ թուրք հասարակության մեջ եւ պետական ատյաններում արդեն հասունացել է հարցին լուծում տալու պահը: Թուրքիայի ժողովրդի մերժումը պայմանավորված է իրականության չիմացությամբ: Հ. Դինքի համոզմամբ, Մեծ եղեռնի ճանաչումը Թուրքիայի կողմից, սակայն, պայմանավորված չի լինի Եվրամիությանն անդամակցության ճնշումներով, այլ ժողովրդի ներսից եկող ձայնով:

Պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկը, Հ. Դինքի խոսքերով, ներքին սպառման համար է արված, այն է' հայերի հրաժարվելու դեպքում սեփական ժողովրդին հայտարարել, թե հայկական կողմը չցանկացավ ճշմարտությունը բացահայտել: Խոսելով հայ-թուրքական սահմանի բացման եւ հարաբերությունների բարելավման հնարավորության մասին' Հ. Դինքը նշեց, որ թուրք ժողովրդի մեծամասնությունը պահանջում է սահմանի բացում' ոչ տնտեսական կապերի ամրապնդման, այլ հայերի հետ հաշտեցման համար:

Նշվեց նաեւ, որ Թուրքիայում ապրում է 60 հազար հայ, սակայն կա նաեւ 1,5 միլիոն մահմեդականացված բնակչություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում