Զարգացած երկրները մեկ տարվա ընթացքում 10 տրիլիոն դոլար պարտք են վերցրել
15:16, 12 Դեկտեմբեր, 2011ՄՈՍԿՎԱ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2011 թվականի ընթացքում զարգացած երկրները 10 տրիլիոն դոլար պարտք են վերցրել: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այդ մասին գրում Է The Financial Times-ը՝ վկայակոչելով Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության հետազոտությունը, որը հրապարակվելու Է դեկտեմբերին: Փաստաթղթում նշվում Է, որ հաջորդ տարվա ընթացքում երկրներն ու շուկաները ֆինանսավորման խիստ պակաս են զգալու:
ՏՀԶԿ-ի հետազոտության համաձայն՝ 2012 թվականի ընթացքում զարգացած երկրներն արտաքին շուկաներում պարտք կվերցնեն 10,5 տրլն դոլար: 2007 թվականի համեմատ ցուցանիշը կմեծանա 1 տրիլիոն դոլարով, իսկ 2005-ի համեմատ՝ գրեթե երկու անգամ:
Ինչպես նշել Է ՏՀԶԿ-ի պետական պարտքերի գծով դեպարտամենտի տնօրեն Հանս Բլոմենշտայնը, երկրների պարտքային պարտավորությունների մեծանալու պատճառով 2012 թվականի ընթացքում կաճեն պետական պարտատոմսերի եկամտաբերության գծով տոկոսադրույքները: Նաեւ կուժեղանա մրցակցությունը ֆինանսական շուկաների ազատ դրամական միջոցների համար:
Բլոմենշտայնը նշել Է, որ ձեւավորվող միտումը մեծ թվով զարգացած պետությունների համար անկայունության աճով Է սպառնում ինչպես ֆինանսական շուկաներում, այնպես Էլ քաղաքական ասպարեզում: Նրա խոսքով՝ երկրների պետական պարտքի հետ կապված ռիսկերը «անկանխատեսելի» են դառնում եւ կարող են հանգեցնել այնպիսի երկրների համար մասնավոր կապիտալի շուկաների լիակատար փակման, ինչպիսին են Իտալիան եւ Իսպանիան:
2011 թվականի դեկտեմբերի սկզբին ՏՀԶԿ-ն 2012 թվականին եվրոգոտու երկրների պետական պարտքի կանխատեսումը բարձրացրել Է մինչեւ միագումար ՀՆԱ-ի 97,9 տոկոսը: 2011 թվականի արդյունքներով՝ եվրոգոտու երկրների ՀՆԱ-ում պետական պարտքի բաժինը կկազմի 95,6 տոկոս: 2010 թվականին այդ ցուցանիշը 92,9 տոկոս Էր:
Եվրոպայի խոշորագույն պարտապան երկրների թվում են՝ Պորտուգալիան, Իսպանիան, Հունաստանը, Իտալիան եւ Իռլանդիան: Ամենամեծ պետական պարտքն ունի Իտալիան՝ մոտավորապես 1,9 տրլն եվրո, որը կազմում Է երկրի ՀՆԱ-ի գրեթե 120 տոկոսը: Բացի եվրոպական երկրներից, զգալի պետական պարտք ունեն ԱՄՆ-ը՝ ավելի քան 15 տրլն դոլար, եւ Ճապոնիան՝ 13 տրլն դոլար:
Դիտվել է 960 անգամ

Ֆոտոհոսք
RSS
