Վերլուծություն

Deutsche Bank-ը տասը գլխավոր սպառնալիք է տեսնում համաշխարհային էկոնոմիկայի համար

2 րոպեի ընթերցում

Deutsche Bank-ը  տասը գլխավոր սպառնալիք է տեսնում  համաշխարհային էկոնոմիկայի համար

ԲԵՌԼԻՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Deutsche Bank-ը հրապարակել է 2012 թվականի համար համաշխարհային էկոնոմիկայի զարգացման կանխատեսումը, որում մատնանշել է միջազգային ֆինանսական համակարգի կայունության համար տասը առավել նաշանակալի ռիսկերը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, գլխավոր սպառնալիքների թվում բանկի վերլուծաբանները նշել են Եվրագոտուց Հունաստանի դուրս գալը, Իտալիայի եւ Իսպանիայի պարտքերի վերաֆինանսավորման հետ կապված դժվարությունները, ինչպես նաեւ ԱՄՆ-ի վարկանիշի նվազումը կամ նոր ռեցեսիան այդ երկրում:

Բանկի վերլուծաբանները գրում են, թե չեն հավատում արժութային միությունից Հունաստանի դուրս գալուն: Այն դեպքում, եթե դա, այնուամենայիվ, տեղի ունենա, դրախմային վերադառնալուն կհաջորդի Հունաստանի ողջ բանկային հատվածի կործանումը, իսկ երկրի ՀՆԱ-ն կնվազի 30 կամ ավելի տոկոսով:

Մյուս սպառնալիքների թվում Deutsche Bank-ն առանձնացնում է Ֆրանսիայի կողմից առավելագույն վարկային ռեյտինգի հնարավոր կորուստը, Չինաստանի էկոնոմիկայի աճի տեմպերի դանդաղումը մինչեւ 5-6 տոկոս, եվրոպական բանկերի վարկային բեռնվածության կրճատումը, հումքային ապրանքների շուկայում իրացվելիության ճգնաժամը, հուսալի ակտիվների ծավալի նվազումը եւ ԱՄՆ-ում կենսաթոշակային դեֆիցիտի կտրուկ մեծացումը:

Բանկի մասնագետները տասներորդ սպառնալիքը համարում են այն, որ եվրոպական եւ համաշխարհային էկոնոմիկան կարող են գերազանցել աճի սպասվող ցուցանիշները: Դա նրանք բացատրում են նրանով, որ ներդրողներից շատերը կարող են կորցնել փողերը ակտիվների գների աճի պատճառով:

Ընդհանուր առմամբ Deutsche Bank-ը 2012 թվականը ավելի բարենպաստ է համարում համաշխարհային շուկաների համար, քան ընթացիկ տարին: Նրանք կանխատեսում են համաշխարհային առեւտրում յուանի կարեւորության մեծացում, զարգացող երկրներում աճի աստիճանական արագացում, որը կուղեկցվի ավելի բարձր գնաճով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում