Վերլուծություն

ՇՔԵՂՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ. ԻՆՉՈ՞Ւ

8 րոպեի ընթերցում

ՇՔԵՂՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ. ԻՆՉՈ՞Ւ

Ինչու՞: Առաջին հայացքից պարզունակ հարց: Պատասխանը գտնելու փնտրտուքները հաջողությամբ պսակելու համար, կարծես թե, պետք է ընդամենը մի քանի վայրկյանի «լուրջ»մտավոր աշխատանք: Երկրի վիճակը «գնահատողների» և բազմաթիվ քաղաքական «գիտակների» համար քննարկվելիք թեմա: Ինչպես նաև շատ ավտոներկրողների համար հաջողակ տարեվերջ կանխատեսող, ինչու չէ, նաև նախատեսող նախագիծ: Կառավարության կողմից իրականում կատարված լուրջ առաջարկ:

Այժմ հռետորական հարցերի շարանից կցանկանայի անցնել դրանց պարզաբանմանն ու մեկնաբանմանը:

Մոտ գտնվելով հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներին և բառացիորեն հավաքելով նրանց կարծիքներն ու վերլուծությունները'կարող եմ ասել, որ հասարակությունում գոյություն ունեն մի քանի մեծ խմբեր: Մի խումբը' ցածր եկամուտ ունեցողները, դրական են վերաբերվում այս նախագծին: Սակայն վերաբերմունքը պայմանավորված է ոչ թե երկրի մասին հոգատար վերաբերմունքով, այլ, այսպես կոչված «էլիտային» պատժելու և «ժողովրդից կերած» փողերը վերադարձնելու անհագ ցանկությամբ: Ցավալի է: Ցավալի է, որ մարդիկ նայում են այս խնդրին ոչ թե հայրենիքի տնտեսական վիճակի բարելավման, ֆինանսական բարօրության, վերջ ի վերջո, իրենց աշխատավարձի բարձրացման և ընտանիքների բարեկեցության, այլ պատժելու, քինախնդիր լինելու և սեփական բացթողումները այլոց վրա բեռնելու համար: Երկրորդ խումբը միջին խավի ներկայացուցիչներ են, որոնք քիչ թե շատ օբյեկտիվորեն գնահատելով իրավիճակը' արտահայտում են հետևյալ մոտեցումը. իհարկե այն անձիք ովքեր ավելի շատ եկամուտ ունեն և իրենց բյուջեի «այլ ծախսեր» բաժինը անհամեմատ հագեցած է, պետք է նաև պետությանը հարկ տան' շքեղ ապրելու, թանկարժեք մեքենաներ վարելու համար և կամ պարզապես աննպատակ, և հօդս ծախսվող գումարները պետք է նպատակային վճարել բյուջե: Երրորդ խումբը դժգոհ է: «Նույնիսկ լավ մեքենա չի կարելի վարել»,- հաստատ, եթե ոչ բարձրաձայն, ապա գոնե մտքում արտաբերում է ունևոր խավը:

Կա նաև մարդկանց փոքր խումբ, որն ավելի խորն է վերլուծում' գնահատելով դրական և բացասական, ինչպես նաև քաղաքական տեսանկյուններից, բացառելով էմոցիոնալ պոռթկումները:

Այսպիսով' նախ կցանկանայի փոքր ակնարկով ներկայացնել այլ պետություններում կիրառվող նմանատիպ օրենքները: Թայվանում, օրինակ շքեղության հարկվող օբյեկտների թիվը անհամեմատ ավելի ծավալուն է, քան Հայաստանում: Անշարժ գույքի շուկայում շքեղության հարկի մասին օրենքով կասեցվեց սպեկուլյանտների գործունեությունը, ովքեր, չգրանցվելով համապատասխան մարմիններում, իրականացնում էին առուվաճառքի անընդհատ գործունեություն, և վճարվող հարկերը ավելի քիչ էին, քան նման գործունեությամբ զբաղվող կազմակերպություններինը, այժմ եթե ձեռքբերումից հետո երկու տարվա ընթացքում սեփականատերը, որոշում է վաճառել իր անշարժ գույքը, ապա պարտավորվում է ձեռբերման արժեքի 10-15% վճարել պետական բյուջե: Նաև նավերի, ինքնաթիռների և 100 000 ԱՄՆ դոլարից ավելի արժեցող մեքենաների, նույնիսկ գոլֆ ակումբների 17000 ԱՄՆ դոլարը գերազանցող անդամության վճարի 10 % պետք է շքեղության հարկ վճարվի: Սակայն շքեղության հարկի կիրառման հիմնական պատճառը ոչ միայն պետբյուջե գումարներ մուտքագրելն է, այլև սպեկուլյացիաների, ստվերային տնտեսության, սոցիալական ցայտուն անհավասարության դեմ պայքարի շրջանակներում գործուն միջոցառումների պլանավորումն ու իրականացումը:

Նույն հարկատեսակը նաև գոյություն ունի Շրի Լանկայում, որը վերջին հինգ տարվա ընթացքում 50%-ով նվազեցրել է ազքատության ցուցանիշը, նաև մասամբ այս հարկատեսակի օգնությամբ:

ԱՄՆ-ում նույնիսկ սպորտային հետաքրքրության, մրցակցային մթնոլորտի պահպանման համար գոյություն ունի «էնդեմիկ» հարկատեսակ' սպորտային շքեղության հարկ, որը ենթադրում է թիմի կողմից լրացուցիչ հարկերի վճարում, եթե մարզիկի տրանսֆերտային գինը գերազանցում է իրավական ակտերով սահմանաված լիմիտը: Սա օգնում է որակյալ մարզիկների ապակենտրոնացմանը և սպորտային անկանխատեսելիության պահպանմանը:

Ինչևէ, վերադառնանք մեր հայկական իրականություն: Մայաների օրացույցի վերջին տարվա առաջին օրը կնշանավորվի ավտեմեքենաների համար շքեղության հարկի ուժի մեջ մտնելով: Տարին խոստումնալից է սկսվում: Կցանկանայի կարևորել և Ձեր' հարգելի ընթերցող, ուշադրությունը գրավել կառավարության հիմնավորման վրա: Մի քանի կետեր ինձ առանձնապես հետաքրքրեցին. Առաջին'Եվրոպական Միության, Առևտրի համաշխարհային կազմակերպության և Անկախ պետությունների համագործակցության դիմաց ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված տվյալ քայլը ես համարում եմ հաջողված: Մենք այժմ գտնվում ենք եվրաինտեգրման փուլում, ցանկանում ենք անարգել մուտք գործել ԵՄ, մեզ տեսնել եվրոպական երկրների հզոր տնտեսություն ունեցող պետությունների շարքում և պարտավոր ենք մեր պետության իրավական համակարգը մաքսիմալ կերպով մոդիֆիկացնել և ոչ թե միայն նմանեցնել, այլ համապատասխան գործոններ հաշվի առնելով' համապատասխանեցնել եվրոպական իրավահամակարգին: Եվ այս քայլը այդ ճանապարհի հերթական նվաճումը, կարող եմ անվանել, թող շատ էքսցենտրիկ չհնչի: Տվյալ հարկը վճարելու են 30 մլն դրամի շեմը գերազանցող արժեք ունեցող մեքենաների սեփականատերերը, որոնց ցանկում, եթե առանձնացնենք «ամենաղքատին», նա պետք է ունենա եվրոպական հարուստ պետության միջին խավի ներկայացուցչի եկամուտ' ամսական 20 000 եվրոյից ոչ պակաս: Սա նշանակում է, որ հարկվում են ոչ թե բոլորը, այլ հայ «եվրոպացիները»:

ԱՊՀ պետությունների հետ համագործակցելու առումով, սա կարելի է անվանել անհրաժեշտ քայլ: Հայաստանը միացել է ԱՊՀ շրջանակներում ազատ առևտրային գոտու ստեղծման պայմանագրին և եթե նպատակադրվեր միանալ նաեւ Մաքսային միությանը, ապա Ռուսաստանում մյուս տարվանից շքեղության հարկի կիրառումից հետո, որը, ի դեպ, շատ ավելի հավանական է, քան դա թվում էր Հայաստանում, հայկական համարանիշերով մեքենաները կարող էին ազատ, առանց ռուսական պետբյուջե շքեղության հարկ վճարելու, շրջեին, օրինակ, Մոսկվայով, իսկ հիմա անհանրին է:

Եվ վերջապես պետական բյուջե մուտք գործող լրացուցիչ մեկ միլիարդի կարիքը, ինձ թվում է' կա: «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում գտնվող, բազում սոցիալական խնդիրների առաջ կանգնած մեր պետության համար պետբյուջե վճարվող գումարը վերափոխվելու է բարձր աշխատավարձերի, բարձր կենսաթոշակների, բարձր նպաստների:

Համենայն դեպս` ես դրա հույսն ունեմ:

Արշակ Գրիգորյանն «Արմենպրես» գործակալության փոխտնօրենն է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում