Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Չինական Sinovac-ը պատրաստ է «X հիվանդության» դեմ պայքարին

Չինական Sinovac-ը պատրաստ է «X հիվանդության» դեմ պայքարին

ՊԵԿԻՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական կենսադեղագործական Sinovac ընկերությունը, որը մշակել է COVID-19-ի դեմ CoronaVac պատվաստանյութը, պատրաստ և շատ վստահ է նոր վիրուսի հիպոթետիկ ի հայտ գալուն դիմակայելու իր կարողության վրա:

Պեկինում կայացած մամուլի ասուլիսում այս մասին ասաց Sinovac-ի գիտական կոմիտեի ավագ քարտուղար դոկտոր Չեն Կուննինգը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի՝   նոր վիրուսի բռնկման դեպքում արագ պատվաստանյութ ստեղծելու հնարավորության վերաբերյալ հարցին:

«Շատ երկրներ և ընկերություններ մտահոգված են դրանով: Իրականում, Sinovac-ը մեծ փորձ ունի՝ կապված նոր ի հայտ եկող հիվանդության հանկարծակի բռնկման հետ»,–ասաց Չեն Կուննինգը:

Հիպոթետիկ, անհայտ պաթոգենը, որը կարող է ապագա համաճարակի պատճառ դառնալ, կոչվում է «X հիվանդություն»:

Դոկտորը հիշեցրեց, որ Sinovac-ը, որը մշակել է պատվաստանյութեր, այդ թվում՝ հեպատիտ A-ի, էնտերովիրուսի 71-ի, ջրծաղիկի դեմ, աշխարհում առաջին ընկերությունն էր, որը մշակեց պատվաստանյութ SARS-CoV-1-ի դեմ, երբ 2003-ին սկսվեց  SARS–ի (ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշ) բռնկումը:

«Ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշի  (SARS) ժամանակ` 2003-ին, մենք մշակեցինք SARS-ի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, ավարտեցինք SARS-ի պատվաստանյութի կլինիկական առաջին փուլը: Եվ դա մեզ մեծ հիմք է տալիս, այսպիսով՝ մենք  մեծ փորձ ունենք, մենք պատրաստ էինք COVID-19-ի պատվաստանյութի պատրաստման համար»,–ասաց նա՝ հիշեցնելով նաև գրիպի դեմ պատվաստանյութի առումով փորձի մասին:  

Չեն Կուննինգը վստահեցրեց՝ միշտ պատրաստ են:

«Հիմա մենք ավելի շատ վստահություն ունենք հաջորդի հետ կապված, քանի որ ունենք շատ ավելի շատ կարողություններ, ավելի շատ գիտահետազոտական կազմակերպություններ, որոնց հետ համագործակցում ենք, ունենք շատ նոր հնարավորություններ, որոնք կարող են օգնել մեզ շատ բարդ հիվանդությունների դեմ պայքարում: Այնպես որ, ես կարծում եմ, որ մենք միշտ պատրաստ ենք և շատ վստահ ենք՝ հաղթահարելու հաջորդ համաճարակը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am