Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

ՀՀ-ում իրականացված կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության խթանման երկամյա ծրագրի արդյունքներից ԵՄ ներկայացուցիչները գոհ են

ՀՀ-ում իրականացված կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության 
խթանման երկամյա ծրագրի արդյունքներից ԵՄ ներկայացուցիչները գոհ են

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում կայացավ «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» թվինինգային ծրագրի արդյունքների ներկայացման միջոցառումը։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսն իր խոսքում նշեց, որ եվրոպացի գործընկերներն ի սկզբանե հետաքրքրված են եղել վերոնշյալ ծրագրի արդյունքներով, որի մեկնարկն ամենևին էլ հեշտ չի եղել։

MXO_8384.JPG (737 KB)

«Եվրամիությունը մեծ ուշադրություն է դարձնում հակակոռուպցիոն ջանքերին ու ծրագրերին։ Հայաստանում այս ծրագիրը միակը չէ, մենք Արդարադատության նախարարության հետ միասին աշխատում ենք նաև բյուջետային աջակցության ծրագրի վրա, ուստի արդարադատության ոլորտում հակակոռուպցիոն միջոցառումներն այդ ծրագրի կարևոր մասն են։ Եվրախորհրդի հետ ևս աշխատում ենք ռեգիոնալ ծրագրի շրջանակում, որը նույնպես մեծ ուշադրություն է դարձնում հակակոռուպցիոն հարցերին, տնտեսական հանցագործությունների կանխարգելմանը։ Սա մեր գործունեության երրորդ ուղղությունն է, սակայն մենք միակ դոնորը չենք, որ ակտիվորեն մասնակցում է տվյալ ծրագրի իրականացմանը։ Ամերիկացի գործընկերները USAD-ից ՀՀ իշխանությունների հետ նույնպես աշխատում են հակակոռուպցիոն ջանքերի ուղղությամբ։ Միասնական ու համատեղ ջանքերով կունենանք հաջողություններ նշված ոլորտում»,- ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարը։

Հեսսը տեղեկացրեց, որ օրեր առաջ մասնակցում էր միջոցառման, որի ընթացքում բավականին հետաքրքրությամբ լսել է քաղհասարակության ներկայացուցիչների տեսակետները։ Նրա կարծիքով՝ անչափ կարևոր է աշխատանքների շարունակականությունը տվյալ ուղղությամբ՝ ներգրավելով քաղհասարակությանն ու ձևավորելով գործընկերային միջավայր։ Հեսսը հույս հայտնեց, որ կապը շահառու կողմերի միջև կշարունակվի։ 

Գերմանիայի ներքին գործերի դաշնային նախարարության պետքարտուղար Յոհան Սաթոֆը նշեց, որ նախորդ երկու տարիներին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և ՀՀ արդարադատության նախարարությունը գերմանացի ու լատվիացի գործընկերների հետ իրականացրել են արդյունավետ գործունեություն, որը հիմնված է եղել արդարության ու թափանցիկության սկզբունքների վրա։

«Մարդկանց համախմբել է հավատն առ այն, որ կոռուպցիան ոչ միայն իրավական ու տնտեսական, այլև բարոյահոգեբանական խնդիր է, որն առնչվում է բոլոր հասարակություններին։ Կոռուպցիան խաթարում է վստահությունը կառավարության, պետական ինստիտուտների նկատմամբ՝ զրկելով անհատներին իրենց նպատակներին հասնելու հնարավորությունից։ Ե՛վ պետությունը, և՛ քաղհասարակությունը կարող են մեծ դեր խաղալ կոռուպցիայի դեմ մղվող պայքարում։ Տվյալ ծրագրի մասնակիցներն իրականացրել են տարբեր միջոցառումներ՝ կանխարգելելու հնարավոր դրսևորումները, զարգացրել են մասնագիտացված կառույցների ֆունկցիոնալ կարողությունները, ամրապնդել են ռազմավարական հաղորդակցության մեխանիզմները, իրականացրել են հակակոռուպցիոն ռազմավարություն, բարելավել են բիզնեսի բարեվարքությունը, սակայն այդ դժվար ճանապարհին եղել են մարտահրավերներ։ Բացի դրանից, ծրագիրն իրականացվել է միջազգային ճգնաժամերի պայմաններում, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացված ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։ Անկանխատեսելի խոչընդոտների պատճառով որոշ առաքելություններ հետաձգվել են, սակայն ողջ ընթացքում շարունակել են          ք աշխատել մեր ընդհանուր սկզբունքների ու արժեքների հիման վրա՝ հասնելով նախանշված բոլոր նպատակների իրականացմանը»,- ասաց Սաթոֆը։

Այդուհանդերձ, գերմանացի բարձրաստիճան պաշտոնյան շեշտեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը չի ավարտվել, քանի որ այն շարունակում է մնալ որպես սպառնալիք, որի դեմ պայքարը պահանջում է կոլեկտիվ ջանքեր և համընդհանուր ուշադրություն։ Նրա համոզմամբ՝ ժողովրդավարության հզորացումը պահանջում է նաև այս կարևոր ոլորտում ծրագրերի շարունակականություն։ Ելույթի վերջում Սաթոֆը վկայակոչեց Հենրի Ֆորդի հայտնի խոսքերը. «Համախմբումը սկիզբն է, միասին մնալն առաջընթաց է, միասին աշխատելը՝ հաջողություն»։

ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Էրիկ Թինտրուպն իր հերթին ասաց, որ նմանատիպ ծրագրերի համատեղ ջանքերով իրականացումն ամենակարևոր գործոնն է, ինչը նշանակում է, որ բոլոր շահառուները դավանում են նույն սկզբունքները։

«2018 թվականից հետո Հայաստանը ժողովրդավարությունը խթանելու և կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու համար կատարեց կարևոր քայլեր։ Ինքս տեսել եմ մեծ փոփոխություններ կոռուպցիայի դեմ մղվող պայքարի գործում՝ նոր հակակոռուպցիոն մարմինների ստեղծում, համապատասխան օրենսդրության ընդունում, ավելի մեծ թափանցիկություն և հաշվետվողականություն, աղմկահարույց գործերի քննություններ։ Հայաստանը շատ բանի է հասել։

«Թրանսփերենսի Ինթերնեշնլ» կազմակերպության զեկույցի կոռուպցիոն ընկալման ինդեսքի համաձայն՝ ձեր երկիրը զբաղեցնում է աղյուսակի 62-րդ հորիզոնականը, ինչը համեմատաբար լավ արդյունք է։ Հակակոռուպցիոն պայքարը նախևառաջ անհրաժեշտ է հասարակության հետագա զարգացման համար։ Դա երկարաժամկետ աշխատանք է, հետևաբար, փոփոխությունները լինում են աստիճանաբար։ Հակակոռուպցիոն պայքարը միայն հզոր ինստիտուտների, մեխանիզմների և օրենսդրության առկայությունը չէ, այլ նաև ենթադրում է մտածելակերպի փոփոխություն և բարեվարքության մշակույթի սերմանում, ինչի շնորհիվ մեծանում է սոցիալական պատասխանատվությունը»,- ասաց Թինտրուպը։

Գերմանիայի փոխդեսպանը նման ծրագրերի իրականացման գործում էապես կարևորեց միջազգային համագործակցության հանգամանքը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ Հայաստանում կատարվել են մեծածավալ աշխատանքներ։ Ըստ նրա՝ տվյալ ծրագրի ավարտն ամենևին չի նշանակում, որ հակակոռուպցիոն պայքարն ապագայում չի շարունակվելու։ Նա վստահեցրեց, որ հետագայում կծնվեն նոր ծրագրեր։

Լատվիայի արդարադատության նախարարության ծրագրերի պլանավորման և իրականացման բաժնի պետ Ուլդիս Կարկլևալքսը նշեց, որ նման ծրագրերը ԵՄ-ի համար արդյունավետ գործիքներ են ԵՄ անդամ երկրների ու գործընկեր պետությունների կառավարությունների միջև ֆունկցիոնալ համագործակցություն իրականացնելու ճանապարհին։

«Նման ծրագրերն օգնում են հասնել հավակնոտ նպատակների իրականացմանը և այդ առումով չափազանց կարևոր է հատկապես փորձագետների, մասնագետների և առաջնորդների դերակատարումը։ Լատվիայի արդարադատության նախարարության փորձագետները և այլ ինստիտուտների մասնագետները ճիշտ խորհուրդներ են տվել, ճիշտ տեղեկատվություն են տրամադրել շահագրգիռ կողմերին։ Հուսով եմ, որ ՀՀ արդարադատության նախարարության պատվիրակության անդամները Լատվիա կատարած այցի ընթացքում շատ բան են սովորել Կոռուպցիայի կանխարգելման բյուրոյի ներկայացուցիչներից։ Այդ ամենը կօգնի հայկական կողմին աշխատանքներ իրականացնել նաև այս ծրագրի ավարտից հետո՝ նպաստելով օրենքի գերակայությանը և կոռուպցիայի հանդեպ անհանդուրժողականության աճին։ Այս ծրագիրն ընկալեք որպես մեկ քայլ՝ շարունակական ու երկար ճանապարհի վրա»,- ասաց Կարկլևալքսը։      

Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հունիսի 1-ին և ավարտվելու է ընթացիկ տարվա մայիսի 31-ին։ Ընդհանուր նպատակն է եղել խթանել Հայաստանի պետական հատվածում բարեվարքության տարածումը և կոռուպցիայի կանխարգելումը։ Որպես հատուկ նպատակ՝ ծրագիրն ուղղված է եղել աջակցելու կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում կրթական ծրագրերի և հանրային իրազեկման միջոցառումների իրականացմանը և ինստիտուցիոնալ կարողությունների ուժեղացմանը՝ ստեղծելու կոռուպցիայի կանխարգելման միջավայր, ինչպես նաև նպաստել Հակակոռուպցիոն ռազմավարության գործողությունների իրականացմանը, մասնավորապես՝ ընդլայնելով Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության մշտադիտարկման կարողությունները։ 

Ծրագիրը ֆինանսավորվել է ԵՄ-ի կողմից, բյուջեն կազմել է մեկ միլիոն եվրո։ Ծրագրի շահառուներն են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և ՀՀ արդարադատության նախարարությունը։ Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը, Լատվիայի հանրապետության արդարադատության նախարարությունն ու կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի բյուրոն։  

Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am