Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

«Նոր մեդիա և հաղորդակցություն» գիրքը՝ ժամանակակից նոր մեդիայի զարգացման միտումների մասին

«Նոր մեդիա և հաղորդակցություն» գիրքը՝ ժամանակակից նոր մեդիայի 
զարգացման միտումների մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակակից նոր մեդիայի վերանայման առանցքային տեսություններ, նոր թվային հարթակների հետ կապված հիմնական հասկացությունների սահմանումներ. ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, մի շարք գրքերի հեղինակ Աստղիկ Ավետիսյանի «Նոր մեդիա և հաղորդակցություն» աշխատությունը` ընդարձակ ու ամբողջական մոտեցումներով, ներկայացվեց ընթերցողներին:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիրքը կարող է օգտակար լինել ոլորտի մասնագետների, հետազոտողների, դասախոսների և ուսանողների համար:  

OLD02356.JPG (428 KB)

«Սա իմ 6-րդ մասնագիտական գիրքն է, որտեղ ամփոփված է նոր մեդիայի մասին ամբողջական տեղեկատվությունը, թե ինչպես է այն ազդել հաղորդակցության գործընթացի վրա: Այստեղ նաև ներկայացված են ոլորտներ՝ քաղաքականություն, արվեստ, տնտեսություն, ինչպես է նոր մեդիան ազդել այս ամենի և լրագրության վրա, ինչպես են փոխվել մոտեցումները: Հանգամանորեն ներկայացված է թվային տեխնոլոգիաների զարգացումը, որոնք փոխել են նաև մեդիայի էությունը, ուստի այդ փոխակերպումներից յուրաքանչյուրը հեղինակի կողմից արժանացել է մանրամասն դիտարկման և քննարկման: Դրանք վերաբերում են տնտեսության, քաղաքականության, կրթության և այլ ոլորտների»,-ներկայացրեց հեղինակը:  

Աստղիկ Ավետիսյանը նշում է, որ նոր մեդիայի համաշխարհային տարածմամբ և գլոբալիզացիայի ազդեցությամբ լրագրողական ժանրերում ամենուր նոր ձևաչափերի փոխներթափանցումներ են տեղի ունենում, որոնք փոխակերպում են քաղաքական, գիտական, կրթական, մշակութային գործընթացների էությունը: Հետազոտության հեղինակն առաջ է քաշում խնդիրներ, որոնք խոչընդոտում են մեդիայի և հաղորդակցության կազմակերպումն ու կառավարումը, և եզրակացնում, որ նոր մեդիան ամբողջությամբ վերափոխել է տնտեսության զարգացման ձևաչափերն ու մոդելները, նպաստել տեղեկատվության տարածմանն ու ցանցային մտածողության ձևավորմանը: 

OLD02340.JPG (444 KB)

«Նոր մեդիան փոխել է մեր ամբողջ կյանքը, ազդել բոլոր գործընթացների վրա և սրանով հնարավորություն տվել սպառողին դառնալ ակտիվ բովանդակություն ստեղծող: Սա բերել է նրան, որ ձևավորվում է դեպրոֆեսիոնալիզմ այն առումով, որ ոչ պրոֆեսիոնալ մարդիկ հայտնվում են ոլորտում և իրենց բովանդակության ստեղծմամբ փորձում են գրավել լսարան: Այնինչ՝ նոր մեդիան ունի շատ ավելի լավ հնարավորություններ. տալիս է գրագետ տեղեկատվության տարածման և դրանով դաստիարակման և խթանման հնարավորություն: Ինչքան շատ գրագետ մարդիկ օգտվեն նոր մեդիայի հնարավորությունից, այդքան արդյունավետ կլինի դրա սպառումը»,-հայտնեց Ավետիսյանը:  

Հեղինակը տեղեկացրեց՝ գրքի վրա աշխատել է 5 տարի: Այն համալրում է մասնագիտական գրականության ցանկը, մասնագետներին հնարավորություն տալիս տիրապետելու ամբողջական տեղեկատվությանը և հասկանալու ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները: Նրա համոզմամբ՝ հետազոտությունը նաև PR մասնագետների համար կարևոր կլինի:  

Մենագրության մեջ հատուկ ուշադրության է արժանացել հաղորդակցության նոր հարթակների ազդեցությունը հանրային կյանքի վրա, որոնք ունեն մշակութաբանական, հոգեբանական, ի վերջո, մարդաբանական բնույթ: 

OLD02339.JPG (611 KB)

«Ցանկացած տեխնոլոգիա դրական կամ բացասական հատկություններ է ձեռք բերում` կախված այն համատեքստից, թե որտեղ է կիրառվում: Հասարակության և մարդու կյանքում նոր մեդիայի ներդրման գործընթացն արդեն անշրջելի է, հետևաբար գիտնականները պետք է կենտրոնանան հաղորդակցության այս երևույթի տարբեր տեսակետների ուսումնասիրության վրա, որպեսզի տարածեն այն դրական երևույթները, որոնք վերաբերում են թվային միջավայրին, և մասնակցեն հնարավոր բացասական դրսևորումների դեմ պայքարի մեթոդների մշակմանը»,-նշեց ԵՊՀ դասախոսը: 

Ավետիսյանը եզրափակեց՝ սա վերջին գիրքը չէ. PR ասոցիացիայի թիմի հետ աշխատում են նոր՝ «Հանրային կապեր» գրքի ստեղծման վրա: Իսկ այս մեկը հնարավոր կլինի գտնել բոլոր գրադարաններում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am