Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Նիդերլանդների տարբեր քաղաքներում կայանալու են Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման մի շարք միջոցառումներ

Նիդերլանդների տարբեր քաղաքներում կայանալու են Հայոց ցեղասպանության 
108-րդ տարելիցի ոգեկոչման մի շարք միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան Նիդերլանդներում ՀՀ դեսպանության հովանու ներքո կազմակերպում է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շարք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Նիդերլանդական օրագիր»-ից, ապրիլի 19-ին  Ամստերդամի Eye կինոթանգարանի ցուցասրահում ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի արևածագը» անիմացիոն ֆիլմով սկսվել է անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը` Նիդերլանդներում և Լյուքսենբուրգում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի բացման խոսքով:

Անդրադառնալով սպասվող միջոցառումներին՝ աղբյուրը հայտնում է, որ ապրիլի 23-ին հիշյալ ֆիլմը ցուցադրվելու է նաև Ուտրեխտում և Մաստրիխտում:

Մաստրիխտում տեղի «Անի» հայ համայնքը և Սուրբ Կարապետ եկեղեցու վարչությունը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայ զոհերի հիշատակը ոգեկոչելու են ապրիլի 23-ին, Սուրբ Կարապետ Եկեղեցում։ Ծրագրում նախատեսված են Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունները` Արմեն Նազարյանի ղեկավարած լարային քառյակի կատարմամբ, լինելու են նաև ընթերցումներ։ Ոգեկոչման արարողությունը ավարտվելու է ֆիլմի ցուցադրությամբ:

Ասենում և Ալմելոյում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հուշարձաններին հայ համայնքներից ժամանած պատվիրակները ծաղիկներ ու ծաղկեպսակներ են խոնարհելու ապրիլի 24-ին: Ալմելոյում ծրագիրը սկսվելու է Արևմտյան Եվրոպայի պատվիրակ, Վատիկանում Հայոց եկեղեցու ներկայացուցիցչ, Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի խոսքով ու աղոթքով:

Ապրիլի 25-ին Ալմելոյի հայ առաքելական եկեղեցին ՀԲԸՄ հիմնադրամի և «Երևան» կազմակերպության հետ ցեղասպանության թեմայով կազմակերպելու  է «Թաքնված քարտեզը» վավերագրական ֆիլմի ցուցադրումը, որին ներկա է լինելու ֆիլմի ռեժիսոր Անի Հովհաննիսյանը: Ֆիլմի սցենարն այսպես է զարգանում. Ցեղասպանությունը վերապրած ամերիկահայի թոռնուհին գնում է իր կորսված նախնիների հայրենիք՝ բացահայտելու վաղուց թաղված ճշմարտությունները: Իր ճանապարհորդության ընթացքում  հանդիպում է  շոտլանդացի հետախույզի, որի հետ շատ գաղտնիքներ են բացահայտում...

Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության ոգեկոչման ընդարձակ արարողակարգ է նախատեսված Ամստերդամում: Այն կազմակերպել է «Գրիգոր Նարեկացի» հիմնադրամը  «Սուրբ Հոգի» եկեղեցու հետ, ամենամյա ոգեկոչումը տեղի է ունենալու ապրիլի 23-ին հայ առաքելական Սուրբ Հոգի եկեղեցու արտաքին պատին տեղադրված հուշաքար-խաչքարի մոտ։

Ծրագիրը սկսվելու է կարճ աղոթքով, որին հաջորդելու են մի շարք ելույթներ, հուշարձանին դրվելու են ծաղիկներ ու ծաղկեպսակներ: Եկեղեցու հարևանությամբ «Հայկական կամրջի» վրա Black Swan  կվինտետի երաժշտական կատարումներին հաջորդելու է լռության րոպեն։ Արարողությանը ելույթ է ունենալու դեսպան Տիգրան Բալայանը: Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը նախատեսված են Ամստերդամի փոխքաղաքապետ  Ռուտգեր Խրոտ Վասինկի, խորհրդարանի ու քաղաքային խորհրդի պատգամավորների ելույթները: Հիշատակի արարողությանը մասնակցելու են  նաև Նիդերլանդների քաղաքացիական հասարակության, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև  Նիդերլանդների հունական, ասորի և եզդի համայնքների անդամներ։

Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներ են տեղի ունենալու Նիդերլանդների հայ համայնք ունեցող մյուս քաղաքներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am