Քաղաքականություն

Հայաստանն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար ՀԱՊԿ-ից ռազմական աջակցություն է խնդրել

3 րոպեի ընթերցում

Հայաստանն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար ՀԱՊԿ-ից ռազմական աջակցություն է խնդրել

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը Հավաքական անվտանգության խորհրդի կազմակերպությանը (ՀԱՊԿ) դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի չորրորդ հոդվածի հիման վրա, որն ասում է՝ անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա մյուս երկրների նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ՀԱՊԿ-ից խնդրել ենք աջակցություն՝ այդ թվում և ռազմական՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումն ապահովելու համար»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա նշեց, որ հայկական կողմը նկատի է ունեցել նաև 2021 թվականի մայիսի 12-ին Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցած ներխուժումը։ «Սա մենք ֆիքսում ենք որպես քաղաքական նպատակ, որ ագրեսորը պետք է ՀՀ տարածքից դուրս գա»,- հայտարարեց վարչապետը։

Փաշինյանը գոհացուցիչ փաստ անվանեց սեպտեմբերի 13-ին ՀԱՊԿ նիստի գումարումը՝ կարծիք հայտնելով, որ տեղի է ունեցել անկեղծ ու բաց քննարկում։ «Կարծում եմ՝ իրավիճակի գնահատման առումով նվազագույն անհրաժեշտ որոշումներն այս փուլի համար կայացվել են»,- նշեց նա։

Բարձրաձայնելով Հայաստանի քաղաքական դիրքորոշումը՝ Փաշինյանն ասաց. «Հայաստանի և Ադրբեջանի միջև կա սահման, այդ սահմանը ճանաչված է, և այդ սահմանի ճանաչումը վավերացված է երկու երկրների կողմից։ Եթե Ադրբեջանն ասում է, որ այդպիսի բան չկա, ընդհանուր համատեքստում նրա արտահայտած մի շարք դիրքորոշումներ ընդհանրապես զրկվում են իմաստից և որևէ հիմնավորում չեն ունենում»։

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահին 105-ն է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում