ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա Բելգիայի առաջին վարչապետն է, ով այցելում է Ծիծեռնակաբերդ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում վարչապետը նշեց, որ հուշահամալիր այցելությունից հետո զգացողությունները շատ ուժեղ էին:
«Զգացողություններն ուժեղ էին։ Կարծում եմ՝ շատ կարեւոր է պահպանել հիշատակը՝ այդ կերպ կանխելով մարդկային այս ողբերգությունը, որ մեծ տառապանքներ է բերել»,- ասաց Միշելը:
Բելգիայի վարչապետը Ծիծեռնակաբերդի ծառուղում նաև խորհրդանշական եղևնի տնկեց:
Շառլ Միշելը Բելգիայի Թագավորության ստորին պալատում հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանությունը իրողություն է և պետք է ճանաչվի, և այդտեղ այլ կարծիք լինել չի կարող:
Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար: Այսօրվա նիստի ընթացքում ՖՄԿ նախագահության լիազորությունները Մադագասկարից կփոխանցվեն Հայաստանին: Կհիմնվի համաժողովի բյուրոն: Մասնակիցները կհաստատեն օրակարգի նախագիծն ու կծրագրավորեն աշխատանքները: Նախատեսվում է նաև ֆրանկոֆոնիայի անդամակցության կամ կարգավիճակի փոփոխության մասին հայտերի քննարկում: Հոկտեմբերի 11-12 Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայիմիջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է: Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ուբազմազանությունը՝ իբրև խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջտարածքի խաղաղության և բարգավաճման։