3 րոպեի ընթերցում
Հայաստանյան լրատվամիջոցների պատվիրակությունը, որի կազմում եղել է նաև «Արմենպրես»-ը, հուլիսի 23-24-ը ճանաչողական այց է կատարել Չինաստանի Սինծիան-Ույղուրական ինքնավար շրջան՝ ծանոթանալու արագ զարգացող տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխություններին։ «Արմենպրես»-ի անգլերեն բաժնի գլխավոր խմբագիր Ստեփան Քոչարյանը Սինծիանի առաջատար անգլալեզու լրատվամիջոցներից մեկին՝ Tianshannet-ին տված հարցազրույցում պատմել է շրջանի վարչական կենտրոն Ուրումչիում և համայնքային ու մշակութային կենտրոնում ստացած տպավորությունների մասին։
«Ես այստեղ եղել եմ երկու տարի առաջ՝ Ուրումչիում և Սինծիանի մի քանի այլ քաղաքներում, և շատ շնորհակալ եմ այս հրավերի համար, որը հնարավորություն տվեց տեսնելու, թե ինչպես են զարգանում շրջանն ու քաղաքը»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ տեղի ունեցած փոփոխություններն առաջին իսկ հայացքից նկատելի էին։
«Այստեղ մենք տեսանք, թե կառավարությունն ինչ մակարդակի ուշադրություն է դարձնում հանրային կյանքի բոլոր ոլորտներին։ Կարծում եմ՝ այս կենտրոնը հիանալի աշխատանք է կատարում՝ հոգ տանելով բազմաթիվ ընտանիքների մասին, որոնք ներկայացնում են տարբեր էթնիկ խմբեր»,- ասել է Ստեփան Քոչարյանը։
Պատասխանելով շրջայցից իր ակնկալիքների մասին հարցին՝ նա ասել է․
«Ես շատ կցանկանայի տեսնել զարգացման այս գործընթացի շարժիչ ուժը։ Մեր ընթերցողները շատ հետաքրքրված են զարգացման չինական փորձով՝ հիմնականում «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության համատեքստում, քանի որ Սինծիանը «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակում խոշոր հանգույց և լոգիստիկ կենտրոն է։ Շրջանի բոլոր ոլորտները, այդ թվում՝ արդյունաբերությունը, բիզնեսը, սոցիալական ոլորտները և էներգիայի արտադրությունը, այնքան արագ են զարգանում, որ մեր ընթերցողները ցանկանում են իմանալ, թե որն է չինական հաջողության գաղտնիքը։ Ուստի ակնկալում եմ բացահայտել այդ հաջողությունը, տեսնել, թե ինչպես եք դուք դա անում, և որն է դրա շարժիչ ուժը»։
Այնուհետև հայաստանյան լրատվամիջոցների պատվիրակությունը եռօրյա այցով մեկնել է Գանսու նահանգի Լանժոու քաղաք։