Տեսանյութ

Podcast. Հեռավար աշխատանքի հնարավորության ներդրումը դրական արձագանք է ստացել գործատուների և աշխատակիցների կողմից

5 րոպեի ընթերցում

Հայաստանում հեռավար աշխատանքի կարգավորումների ներդրումը դրական արձագանք է ստացել ինչպես գործատուների, այնպես էլ աշխատակիցների կողմից՝ դառնալով ոչ միայն ճգնաժամային իրավիճակների համար նախատեսված լուծում, այլ նաև ճկուն և արդյունավետ հնարավորություն։

«Արմենպրես Podcast» նախագծի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը նշեց, որ Հայաստանում, մասնավորապես, ֆինանսական ծառայություններ մատուցող և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում կան կազմակերպություններ, որոնք լիովին անցել են հեռավար աշխատանքի ձևաչափին։

«Այս դեպքում կազմակերպությունը մեծ ֆինանսական միջոցներ է խնայում և չի վարձում կամ գնում մեծ գրասենյակային տարածքներ։ Սա նպաստում է նաև նրան, որ աշխատակիցները տնից դուրս գալու անհրաժեշտություն չեն ունենում հատկապես այն ժամերին, երբ ունենք խցանումներ Երևանի փողոցներում։ Այս ճկունությունը շատ դրական արձագանք է ունեցել և՛ գործատուների, և՛ աշխատակիցների կողմից։ Նաև պետական մարմիններն են արդեն իրենց ներքին կարգապահական կանոններում և աշխատանքային պայմանագրերում ներառում այսպիսի դրույթ՝ մոտիվացնելով աշխատակիցներին»,-ներկայացրեց փոխնախարարը՝ հավելելով, որ հեռավար աշխատանքին անցնելը կազմակերպություններին հնարավորություն է տվել խնայել ինչպես աշխատավայրի հիմնական տարածք ունենալու և դրա պահպանման, այնպես էլ այնտեղ հասնելու համար տրանսպորտային ծախսեր, ժամանակ ու ռեսուրսներ։

«Իրականում հեռավար աշխատանքի կարգավորումների վերաբերյալ արձագանքները շատ դրական են։ Այս ճկունությունը կազմակերպություններին  դարձրել է ավելի ընտանիքամետ։ Եթե աշխատակիցներն ընտանիքում ունեն խնամքի կարիք ունեցող անձ, նրանք հատկապես մոտիվացված են հեռավար աշխատանքի հնարավորությամբ, քանի որ կարող են, եթե շատ անհրաժեշտ է, տնից իրականացնել աշխատանքը»,-ավելացրեց փոխնախարարը։

Բացի այդ՝ այս ձևաչափը, ըստ Քոչարյանի, հնարավորություն է տալիս ներգրավել նաև օտարերկրյա բարձրակարգ մասնագետների՝ առանց նրանց ֆիզիկական ներկայության անհրաժեշտության, ինչը բարձրացնում է կազմակերպությունների մրցունակությունը։

Նա ընդգծեց, որ հեռավար աշխատանքի կարգավորումների հիմքում գործատուի և աշխատողի փոխադարձ համաձայնությունն է։ Այսինքն՝ հեռավար աշխատանքի անցնելու համար անհրաժեշտ է երկկողմ համաձայնություն։

Կազմակերպությունները ինքնուրույն են որոշում ինչ ծավալով և ինչ պայմաններով թույլատրել հեռավար աշխատանքը, ինչպես իրականացնել աշխատակիցների նկատմամբ վերահսկողությունը և այլն։ Հեռավար աշխատողները օգտվում են նույն իրավունքներից, ինչ հիմնական աշխատավայրում գտնվելու դեպքում՝ ներառյալ աշխատաժամանակի սահմանումը, արձակուրդի իրավունքը, վարձատրությունը և արտաժամյա աշխատանքի կարգավորումները։ Միևնույն ժամանակ, տեխնիկական միջոցների տրամադրումը կամ ինտերնետի ծախսերի փոխհատուցումը կարգավորվում են կողմերի համաձայնությամբ։

«Գործատուն կարող է ապահովել համակարգչով, ինտերնետի վճարի փոխհատուցմամբ և այլ անհրաժեշտ միջոցներով կամ կարող են փոխադարձ համաձայնել, որ աշխատակիցն իր գործիքներով է աշխատում։ Այսինքն՝ գործատուն ամեն դեպքում պարտադիր չէ, որ ապահովի տեխնիկական միջոցներով կամ նման պարտավորություն սահմանված չի օրենքով»,- պարզաբանեց փոխնախարարը։

Անդրադառնալով հեռավար աշխատանքի վերահսկման գործիքակազմերին՝ փոխնախարարը նշեց, որ ժամանակակից թվային գործիքները հնարավորություն են ընձեռում ցանցային հարթակների կիրառմամբ իրականացնել այդ գործառույթը։

Խոսելով հեռավար աշխատանքի պայմանագրի կարևոր կետերի մասին՝ փոխնախարարը նշեց, որ  այս դեպքում ևս ամրագրվում են այն պայմանները, ինչ սովորական աշխատանքի դեպքում՝ աշխատաժամանակ, վարձատրություն, արձակուրդ և այլն։  

«Աշխատողի տեսանկյունից շատ կարևոր է իմանալ, որ հեռավար աշխատանքի դեպքում իր անվտանգությունն ու առողջությանը վնասող գործոնների ազդեցության պատասխանատվությունը գործատուի վրա չէ, իսկ սարքերի, անհրաժեշտ պարագաների տրամադրումը փոխադարձ քննարկելի են»,-մանրամասնեց Քոչարյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում և Podcast-ում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում