Տեսանյութ

M.A.M հայկական օնլայն դպրոցի շնորհիվ հազարավոր սփյուռքահայ երեխաներ յուրացրել են մայրենի լեզուն և ծանոթացել Հայաստանին

3 րոպեի ընթերցում

Հատուկ սփյուռքահայ երեխաներին հայերեն ուսուցանելու և Հայաստանի վերաբերյալ գիտելիքներ հաղորդելու միջոցով նրանց մեջ հայրենիքի նկատմամբ սեր արթնացնելու նպատակով ստեղծված M.A.M հայկական օնլայն դպրոցը տոնում է իր գործունեության 5-ամյակը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում M.A.M հայկական օնլայն դպրոցի համահիմնադիր Մարինա Ղազարյանը պատմեց, որ սփյուռքի համար հայկական առցանց կրթական հարթակի ստեղծման գաղափարը ծագել է 2020 թվականից հետո, երբ որոշակի ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ սփյուռքում հայերեն սովորելու ցանկություն ունեցողների համար չկա այնպիսի հարթակ, որն իր հստակ մոտեցմամբ, ծրագրերով, մեթոդիկայով համապատասխանեցրած կլիներ հատուկ այդ նպատակին։

«Մենք որոշեցինք ստեղծել մի հարթակ, որտեղ Հայաստանից աշխարհով մեկ կսովորեցնենք հայոց լեզու, պատմություն, մշակույթ, ինչը կանենք շատ յուրահատուկ ձևով, հատուկ մեթոդաբանությամբ, որպեսզի այն մարդկանց և առաջնահերթ երեխաների համար, որոնք դրսում են ապրում, ծրագիրը հասանելի ու հասկանալի լինի, և մենք կարողանանք դասերի միջոցով սեր հաղորդել Հայաստանի նկատմամբ»,-ներկայացրեց հարթակի համահիմնադիրը։

Նրա խոսքով՝ 5 տարիների ընթացքում աշխարհի 40 երկրից հազարավոր երեխաներ ու մեծահասակներ են կրթական այս հարթակի միջոցով հայոց լեզու սովորել ու ծանոթացել Հայաստանին։

Հատկանշական է, որ սովորող շատ հայ երեխաներ ընդհանրապես չգիտեին հայերեն. այդ դեպքում ուսուցումն իրականացվում է այն լեզվով, որին նրանք տիրապետում են։

Դասերն անցկացվում են առցանց՝ տեսաձայնագրվող ձևաչափով, որի դեպքում դպրոցի ուսուցիչները նյութը մատուցում են համապատասխանորեն կահավորված դասասենյակներից։

M.A.M հայկական կրթական հարթակի համահիմնադիրներից Մելինե Ղազարյանը մանրամասնեց, որ չնայած առցանց դասավանդմանը՝ առկա է դպրոցական շենք՝ հատուկ կահավորված, տեխնիկապես հագեցած լսարաններով։

«Սա շատ կարևոր է, որպեսզի դասավանդումն իրականացվի հնարավորինս ֆորմալ ձևաչափով։ Երեխաների մոտ դա ձևավորում է մոտեցում, որ իրենք լուրջ գործընթացի մասնակից են։ Լսարանները հագեցած են սմարթ խելացի գրատախտակներով, որոնք հնարավորինս ինտերակտիվություն են մտցնում դասընթացում։ Մեր դասընթացների կազմակերպման մեջ պրոցեսում շատ կարևոր առանցք է, որ դասերը պետք է անցնեն առավելագույնս հետաքրքիր, ինտերակտիվ՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաների հնարավորությունները, որպեսզի խաղային մեթոդներով երեխան ընկղմվի հայոց լեզվի մեջ՝ չգիտակցելով, որ կրթական պրոցեսով է անցնում»,-նշեց Մելինե Ղազարյանը։

Տարիների հետևողական աշխատանքի, մանկավարժական նորարարությունների և սփյուռքի կրթական կարիքների խորը ուսումնասիրության արդյունքում M.A.M հայկական օնլայն դպրոցի հեղինակային ծրագրերն անցել են մասնագիտական խորը փորձաքննություն և ստացել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պետական երաշխավորում։

Մանրամասները՝ փոդքասթում և տեսանյութում

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում