Տնտեսություն

Հայտարարագրման ոչ ենթակա գործարքների 300 հազար դրամի շեմը կարող է բարձրանալ. փոխնախարարը՝ փոփոխությունների մասին

9 րոպեի ընթերցում

Հայաստանում եկամուտների հայտարարագրման համակարգի շրջանակում չհարկվող և հայտարարագրման ոչ ենթակա միանվագ գործարքների շեմը 300 հազար դրամից կարող է բարձրացվել: Ինչ վերաբերում է շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացմանը, ապա ֆինանսների նախարարության վստահեցմամբ՝ շատ տնտեսավարողների համար հարկային բեռը ոչ միայն չի բարձրացել, այլ նաև նվազել է՝ ծախսերը փաստաթղթավորելու արդյունքում:

«Արմենպրես»-ի փոդքասթի տաղավարում այս մասին հայտնեց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ անդրադառնալով նաև հարկային քաղաքականությանը, շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացման արդյունքում արձանագրած արդյունքներին ու սպասվող նորություններին:

Եկամուտների հայտարարագրման համակարգում սպասվող փոփոխություններ

Մարտի 2-ից քաղաքացիները կարող են ներկայացնել 2025 թվականի իրենց տարեկան եկամուտների հայտարարագրերը: Պողոսյանը քաղաքացիներին հորդորեց հենց այդ օրվանից ներկայացնել հայտարարագրերը, նաև օգտվել սոցիալական ծախսերի գծով փոխհատուցում ստանալու իրավունքից:

Նա նշեց՝ նախորդ տարեվերջին կատարված պարզեցումների արդյունքում Կառավարությանը իրավասություն է վերապահվել հաստատել նվազեցվող եկամուտների այն շրջանակը, որոնք հայտարարագրման ենթակա չեն լինի և այն եկամուտների շրջանակը, որոնք հայտարարագրման ենթակա կլինեն միայն ինչ-որ շեմից վերև լինելու պարագայում:

«Հիմա այդ նախագիծը պատրաստվում է: Կարծում եմ՝ առաջիկա 2 շաբաթների ընթացքում Կառավարությունը կընդունի այդ փաստաթուղթը, և մենք կկարողանանք հանրությանը ներկայացնել այն եկամուտները, որոնք հայտարարագրման ենթակա չեն առհասարակ և այն եկամուտները, որոնք հայտարարագրման ենթակա են միայն որոշակի շեմը գերազանցելուց հետո: Ես կարծում եմ, որ այդ շեմը կլինի ավելի բարձր, քան 300 հազար դրամն է: Սա կրկին կգա պարզեցնելու առկա համակարգը, քանի որ շատ գործարքներ դրանից ներքև կլինեն: Խոսքը միանվագ գործարքների մասին է: Խոսքը բացառապես չհարկվող նվազեցվող եկամուտների մասին է»,-ասաց փոխնախարարը:

Նա հավելեց՝ այս պահին բոլոր եկամուտներն են հայտարարագրվող, այդ թվում՝ չհարկվող եկամուտները: Այդ չհարկվող եկամուտների մի զգալի մասը կդառնա չհայտարարագրվող, մի զգալի մասը կդառնա հայտարարագրվող՝ միայն շեմից բարձր լինելու պարագայում, մի որոշ հատված կշարունակի մնալ հայտարարագրվող:

Շրջանառության հարկի դրույքաչափի բարձրացման արդյունքները

«Շրջանառության հարկի համակարգում կատարված փոփոխությունները հետևյալի մասին են եղել՝ իրացման շրջանառությունների նկատմամբ կիրառվող հարկի դրույքաչափերը բարձրացվել են, բայց զուգահեռաբար հարկ վճարողներին հնարավորություն է տրվել փաստաթղթերով հիմնավորված ծախսերի որոշակի տոկոսը նվազեցնել շրջանառության հարկի գումարից»,-նշեց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ նպատակն է, որ նվազեցվի այն հարկ վճարողների հարկային բեռը, որոնք իրենց ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորում են, և զուգահեռաբար բարձրացվի այն հարկ վճարողների բեռը, որոնք իրենց ծախսերը փաստաթղթերով չեն հիմնավորում:

Փոխնախարարի խոսքով՝ այն կանխատեսումները, որ դրվել էին այս օրենսդրական նախաձեռնության հիմքում՝ հարկային բեռի վերաբաշխումների առումով, հիմա 100 տոկոսով փաստարկված են որպես իրողություններ: Ըստ նրա՝ թվերը խոսում են նրա մասին, որ հարկային բեռի վերաբաշխումը կատարվել է շատ հիմնավոր և արդար տրամաբանությամբ:

«Մինչև նշված օրենսդրական փոփոխությունները, առևտրական առք ու վաճառքի գործունեության մասով նվազագույն 1.5 տոկոս դրույքաչափով հարկ վճարում էր առևտրական գործունեությամբ զբաղվող շրջանառության հարկ վճարողների 37 տոկոսը կամ շուրջ 9200 տնտեսավարող սուբյեկտ: Նախկին 37 տոկոսի դիմաց այժմ մինչև 1.5 տոկոս դրույքաչափով շրջանառության հարկ վճարում է արդեն հարկ վճարողների 59 տոկոսը: Այսինքն՝ 22 տոկոսով աճել է առևտրային գործունեության ոլորտում այն հարկ վճարողների թիվը, որոնք հարկը հաշվարկում են նվազագույն չափով: Նրանց թիվը ավելի քան 21 հազար է»,-ասաց փոխնախարարը:

Նախկինում համակարգում նվազագույն բեռը 1.5 տոկոս էր, նոր համակարգում 1 տոկոս է: Առևտրական գործունեության ոլորտում հարկ վճարողների շուրջ 10 տոկոսը գործում է 1 տոկոսի միջակայքում:

«Ունենք բազմաթիվ հարկ վճարողներ, որոնք ամբողջությամբ փաստաթղթավորում են իրենց ծախսերը, ինչի արդյունքում նրանց հարկը ոչ միայն չի բարձրացել, այլ նաև նվազել է»,-նշեց Պողոսյանը:

Փոխնախարարի կարծիքով՝դեռ հնչող դժգոհություններն այն շրջանակներից են, որոնք չեն ցանկանում վերանայել իրենց բիզնես մոդելը և սկսել ձեռքբերումները հիմնավորել փաստաթղթերով:

«Ինչո՞ւ պետք է հարկ վճարողը չցանկանա իր ձեռքբերումները հիմնավորել փաստաթղթերով. մի պարզ պատճառով, որ այդ ձեռքբերումները չվերագրվեն իրեն և ինքը ստիպված չլինի հետագայում դրա վաճառքն օրինական ճանապարհով ձևակերպել և հայտարարել: Որովհետև այդ դեպքում շրջանառության հարկի համակարգում գործող հարկ վճարողներից շատերը կհատեն իրացման շրջանառության տարեկան առավելագույն՝115 մլն դրամի շեմը և կհայտնվեն ավելացված արժեքի հարկման համակարգում: Սա նրանց դրդում է իրացումները չփաստաթղթավորել»,-ասաց նա:

Ըստ Պողոսյանի՝ շրջանառության հարկի համակարգը չափազանց բարձր շեմով է, 115 մլն դրամ տարեկան իրացման շրջանառության շեմը աշխարհում ամենից բարձր շեմերից է: Փոխնախարարի խոսքով՝ այս համակարգն այս նկարագրությամբ չի պահպանվելու:

Հարկման արտոնյալ համակարգերի նեղացում և ընդհանուրի ընդլայնում, ստվերի կրճատում

Պողոսյանը խոսեց ստվերի ազդեցության, դրա կրճատման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

«Այս խողովակի պատճառով պետական բյուջեն տասնյակ միլիարդավոր դրամներ է կորցնում: Մեր նպատակը հարկման համակարգերն առհասարակ պարզեցնելը, դրանց թվաքանակը կրճատելն ու հարկման ընդհանուր համակարգի կիրառության շրջանակն ընդլայնելն է: Այդ դեպքում է, որ մենք ունենք փաստաթղթաշրջանառության ամբողջական շղթա ու գործարքների թափանցիկություն»,-ասաց նա՝ հավելելով, որ այս տարի դրույքաչափերի, շեմի փոփոխություններ չեն սպասվում:

Նախարարությունը հիմա առհասարակ հարկային քաղաքականության հայեցակարգային քննարկումների փուլում է: Քննարկում են տարբեր ուղղություններով հարկային քաղաքականությանն առնչվող հարցեր: Նպատակն է կամ վերահաստատել առկա քաղաքականությունները կամ տեսնել, թե ինչ վերանայումներ պետք է կատարվեն:

Նախատեսում են, որ առաջիկայում շրջանառության մեջ կդրվի Ֆինանսների նախարարության  մշակած հարկային քաղաքականության փոփոխությունների հայեցակարգը, որն առաջիկա տարիների քաղաքականության փոփոխությունների ուղենիշը կլինի:

Հարկային օրենսգրքի հաճախակի փոփոխություններից տնտեսավարողների դժգոհություններն ու սպասվող լուծումները

Փոխնախարարն ընդունեց, որ տնտեսավարողների բարձրացրած խնդիրը՝ Հարկային օրենսգիրքը հաճախակի փոխելու հետ կապված, իրոք առկա է: Սակայն արդեն ունեն լուծումներ:

«Կայուն և կանխատեսելի հարկային միջավայրն իրապես շատ կարևոր է բիզնեսի համար: Մենք ուսումնասիրել ենք այս խնդրի լուծման միջազգային փորձը, նաև փորձագետներ ենք հրավիրել արտերկրից: Մտադիր ենք սինքրոնացնել եկամտային ու ծախսային քաղաքականությունները, երբ հարկային քաղաքականության փոփոխությունները՝ որպես բյուջեի եկամուտների վրա ազդող կարևոր գործոն, կատարվում են ծախսային քաղաքականությանը զուգահեռ: Ներկայացվում են առաջարկություններ՝ հարկային քաղաքականության վերանայման, օրինակ՝ ինչ-որ հարկի գծով դրույքաչափի բարձրացման, որը կգեներացնի այսքան եկամուտ, միաժամանակ հանձնառություն է ստանձնվում այն մասին, որ այդ հավաքագրված լրացուցիչ հարկային եկամուտը կարող է ծախսվել այս կամ այն բյուջետային ծրագրի շրջանակում՝ լուծելով այս կամ այն խնդիրը: Այդ երկու առաջարկը սինքրոն մի կետում են քննարկվում»,-ասաց Պողոսյանը:

Այսպիսով, մտադիր են այդ կառուցակարգը ներդնել բյուջետային գործընթացում, որ հարկային քաղաքականության փոփոխությունները լինեն տարվա մեջ 1 անգամ և դրանք լինեն այնպիսի ժամկետում, որ հարկ վճարողները և հարկային մարմինն ունենան բավարար ժամանակ՝ պատրաստվելու փոփոխություններին:

Փոխնախարարն անդրադարձել է նաև հարցին, թե ինչքանո՞վ է իրատեսական ՓՄՁ-ն հարկերից ազատելը: Այս և այլ հարցերի մասին մանրամասները կարող եք դիտել և լսել վիդեոփոդքասթում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում