Տեսանյութ

Ահազանգ մեկ հպումով. Safe YOU հարթակի հնարավորությունները

7 րոպեի ընթերցում

Օգնության կանչ՝ ընդամենը մեկ կոճակի կիրառմամբ. Safe YOU հարթակը ստեղծվել է 2020 թվականին, որի հիմնական նպատակն է եղել յուրաքանչյուր կնոջ տալ պաշտպանված լինելու հնարավորություն։

Հարթակը սահմանափակումներ չունի, դրանից կարող են օգտվել նաև տղամարդիկ, սակայն հիմնադիրները շեշտը հիմնականում դնում են կանանց հնարավոր բռնություններից պաշտպանելու վրա։

Safe YOU հարթակի հիմնադիր և գործադիր տնօրեն Մարիամ Թորոսյանը  «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց՝ հավելվածը ներբեռնելուց հետո այն առաջարկում է ընտրել մինչև երեք կոնտակտ հեռախոսահամարների ցանկից՝ ընտանիքի անդամներ կամ ընկերներ, ինչպես նաև մինչև երեք կոնտակտ տարբեր հասարակական կազմակերպություններից, ծառայություն մատուցող կառույցներից և ակտիվացնել ոստիկանության կոճակը:

«Ընդհանուր առմամբ ստացվում է յոթ ուղղություն։ Երբ օգտատերը վտանգի մեջ է հայտնվում, մեկ հպումով սեղմում է օգնության կոճակը, և ընտրված բոլոր ուղղությունները ստանում են տեղեկություն օգտատիրոջ գտնվելու վայրի մասին ու ազդանշան, որ նա վտանգի մեջ է։ Միաժամանակ ավտոմատ ակտիվանում է ձայնագրության ֆունկցիան, որի արդյունքում գեներացվում է ապացույց՝ տվյալ պահին տեղի ունեցողի վերաբերյալ։ Ոստիկանության դեպքում տեղեկությունը անմիջապես փոխանցվում է ոստիկանություն, ինչը հնարավորություն է տալիս դեռ դեպքի վայր հասնելուց առաջ պատկերացում կազմել իրավիճակի մասին»,- նշեց Մարիամ Թորոսյանը:

Հարթակի անվտանգային հատվածից բացի օգտատերերը կարող են օգտվել նաև ֆորումներ և ցանցեր  բաժնից, որտեղ նրանք  տարբեր թեմատիկ խմբերի մեջ ներգրավվելու միջոցով հնարավորություն ունեն անանուն բարձրացնելու իրենց հարցերը, ստանալ պատասխանները կամ թեմատիկ քննարկումների մասնակցել:  

Հարթակի լայն հնարավորությունների շնորհիվ հիմնադիրները իրականացնում են խորքային  հետազոտություններ, որոնք փոխանցվում են համապատասխան նախարարություններին:

Safe YOU-ի հիմնադիրը նշեց, որ այս պահին Safe YOU-ն հասանելի է աշխարհի յոթ երկրներում և հասել է ավելի քան 1 միլիոն կնոջ:  

«Մենք ունենք ուղիղ ազդեցություն շուրջ 62 000 օգտատերերի վրա՝ նրանց, ովքեր օգտվել են հավելվածի տարբեր ֆունկցիաներից։ Հավելվածի միջոցով գրանցվել է ավելի քան 25 000 կանչ, և այս տվյալները վերաբերում են մեր գործունեությանը բոլոր յոթ երկրներում, որոնցից մի քանիսում հավելվածը համեմատաբար վերջերս է գործարկվել։ Հայաստանի մասով ունենք ավելի քան 12 000 օգտատեր, և ցուցանիշները տարբեր են՝ կախված դիմումների քանակից։ Մենք նաև հաշվարկում ենք հետաքրքիր տվյալներ՝ օրինակ, թե ինչ տոկոսով են դիմում ընտանիքի անդամներին և ընկերներին, ինչ տոկոսով՝ տարբեր կազմակերպությունների կամ ոստիկանությանը։ Այստեղ տեսնում ենք խնդիր, քանի որ ավելի քան 90 տոկոս դեպքերում դիմումները ուղղվում են միայն ընտանիքին և ընկերներին, ուստի մեծ աշխատանք ունենք իրականացնելու՝ ուղղորդելու, որ օգտատերերը դիմեն նաև ոստիկանությանը և աջակցության կենտրոններին»,- նշեց նա:

Հարթակն արժանացել է նաև բազմաթիվ հեղինակավոր մրցանակների և ճանաչումների։ Այդ թվում՝ Cartier Women's Initiative-ի երկու մրցանակի, ինչպես նաև առաջին հայկական լուծումն է, որը  4-րդ տարին անընդմեջ ճանաչվում է որպես Թվային Հանրային Բարիք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից սահմանված ստանդարտներին համապատասխան:

Safe YOU-ն, սակայն, չի սահամանափակվում առկա հնարավորություններով. առաջիկայում այն կունենա նոր լուծումներ:

 «Առանց հեռախոսը ձեռքով վերցնելու և հավելվածի օգնության կոճակը սեղմելու հնարավոր կլինի այն ակտիվացնել նաև ձայնային ազդանշանի միջոցով։ Սա հատկապես կարևոր է այն դեպքերում, երբ բռնություն գործադրողը խլում է հեռախոսը։  Ձայնային ակտիվացումն այսպիսի իրավիճակներում կարող է կենսական նշանակություն ունենալ կյանքի և առողջության պահպանման համար, և սա մեր այս տարվա կարևոր նորարարություններից է, որը նախատեսում ենք ներդնել»,- ասաց Safe YOU-ի հիմնադիրը:

Հարթակը 2025 թվականից ինտեգրվել է ՀՀ ՆԳՆ համակարգին՝ ապահովելով առավել օպերատիվ և արդյունավետ աշխատանք: Կանչ կոճակը սեղմելուց հետո այն չեղարկել հնարավոր չէ, իսկ հաջորդող 60 վարկյանների ձայնագրությունը դառնում է ապացույց:  

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանն էլ նշեց՝ 2025 թվականի հունիսից մինչև այս պահը գրանցվել է 41 դեպք:

«Ընդհանուր թվային պատկերը, իհարկե, դեռ փոքր է, սակայն մենք մեծ ոգևորություն ունենք այս նախաձեռնության շուրջ։ 2025 թվականի հունիսից մինչև նոյեմբերի 25-ը գրանցվել է 20 ահազանգ, իսկ նոյեմբերի 25-ից մինչև այսօր՝ ավելի սեղմ ժամանակահատվածում, արդեն 21 ահազանգ։ Սա փաստում է, որ հավելվածը լայն տարածում է գտնում և ակտիվորեն կիրառվում։ Եթե պահպանվեն այս տեմպերը, կունենանք զգալի և ցանկալի արդյունքներ։ Կարևոր եմ համարում ընդգծել նաև, որ հարթակը միայն ահազանգման գործիք չէ։ Այն ամբողջական գործարկումից հետո ոստիկանությանը կտրամադրի լուրջ վերլուծական հնարավորություններ՝ հասկանալու ահազանգերի հիմնական ուղիները, բնույթը, իրականացման ձևերը, սեռատարիքային առանձնահատկությունները և բռնության տեսակների տարանջատումը, ինչը թույլ կտա խնդիրներն ավելի թիրախային արձանագրել, ճիշտ գույքագրել և արդյունավետ հասցեագրել»,- ասաց նա:

Խաչատրյանը նաև ընդգծեց՝ հարթակը անվտանգության տեսակետից նույնպես չի պարունակում ռիսկեր տվյալների արտահոսքի և որևէ անձի փոխանցելու առումով, ինչպես նաև հնարավորություն ունի  հավելվածը բջջային հեռախոսում քողարկելու՝ բռնություն գործադրող անձի կողմից դա նկատելու ռիսկերից խուսափելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում