4 րոպեի ընթերցում
Հուլիսը միջազգային օրացույցում նշվում է որպես սարկոմայի և ոսկրային քաղցկեղի իրազեկման ամիս։ Թեև այս հիվանդությունն ավելի քիչ հայտնի է, բայց այն կարող է դրսևորվել թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների շրջանում՝ լրջորեն ազդելով կյանքի որակի և տևողության վրա։
Ոսկրային քաղցկեղը հաճախ հայտնաբերվում է ուշ փուլերում, երբ ախտանիշներն արդեն ակնհայտ են։ Իսկ մինչ այդ հիվանդները ստիպված են ապրել ցավերով, անորոշությամբ ու անվերջ հետազոտություններով։
Նելլի Ավագյանն էլ մինչև իր հիվանդությունը հստակ հայտնաբերելն ու ախտորոշելը երկար ու բարդ ճանապարհ է անցել, տարբեր ոչ ճիշտ բուժումներ ստացել, բայց, ինչպես ինքն է նշում, կարողացել է ժամանակին ճիշտ մասնագետների մոտ հայտնվել:
«Ախտորոշեցին ոտքիս չարորակ ուռուցք։ Բիոպսիայի արդյունքներից հետո ինձ ուղարկեցին քիմիոթերապիայի, հետո՝ վիրահատության: Թիմային աշխատանքի շնորհիվ այսօր ոտքի եմ կանգնել, լավ եմ զգում։ Ընդհանրապես չէի քայլում, ութ ամիս անկողնային վիճակում էի, չէի կարողանում նույնիսկ տեղաշարժվել։ Վիրահատությունից հետո նրանք շատ դժվարությամբ, բայց ոտքի կանգնեցրին ինձ»,- ասաց Նելլի Ավագյանը:
Բուժառուն նշեց՝ ախտանշանները եղել են շատ ընդհանրական և այլ հիվանդություններին ևս բնորոշ, ցավեր գրեթե չի ունեցել, իսկ այտուցները սկսել են ի հայտ գալ տարբեր բժիշկների մոտ ստացած ոչ ճիշտ բուժումներից:
«Հիվանդը մեզ մոտ էր ուղղորդվել այլ բուժկենտրոնից։ Նա արդեն իսկ ուներ ախտաբանական կոտրվածք, այսինքն՝ ոսկորը կոտրված էր։ Կատարեցինք վիրահատություն՝ սրունքի մեծ հատվածի մասնահատմամբ ու ծնկահոդով էնդոպրոթեզի տեղադրմամբ։ Վերքը լավանալուց հետո բուժառուին կրկին ուղարկեցինք քիմիոթերապիայի»,- ասաց ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, ուռուցքաբան-օրթոպեդ-վիրաբույժ Ալեքսանդր Սեինյանը:
Մասնագետը նշեց՝ բուժառուի մոտ ոսկրային քաղցկեղը առաջացել է B-բջիջների լիմֆոմա հիվանդության հետևանքով, որը կարող է ախտարահել օրգանիզմի ցանկացած օրգան, այդ թվում՝ ոսկրային համակարգը:
«Պացիենտը հիմա բավականին լավ փուլում է, ռեմիսիայի փուլն է, այսինքն՝ հիվանդության կրկնողություն մենք չունենք։ Նա գտնվում է մեր մշտական հսկողության տակ։
Լիմֆոմաներն, ըստ մասնագետի, ամբողջ օրգանիզմի հիվանդություն է, որը որոշակի պահերի կարող է ագրեսիվանալ:
«Լիմֆոմաներն ամբողջ օրգանիզմի հիվանդություն են, որոնք որոշ պահերի կարող են ագրեսիվանալ։ Կա ոսկրային և ոչ ոսկրային ձև։ Հիմնականում ախտահարվում են լիմֆատիկ հանգույցները, բայց լինում են դեպքեր, երբ ախտահարվում է նաև ոսկրային համակարգը։ Այս դեպքը հենց այդպիսի դեպքերից է՝ ոսկրային համակարգի սկզբնական ախտահարմամբ»,- նշեց ուռուցքաբան-օրթոպեդ-վիրաբույժ Ալեքսանդր Սեինյանը:
Հայաստանում հիվանդության տարածվածության մասին մասնագետը դժվարացավ կոնկրետ թվեր նշել, քանի որ լիմֆոմաների մի խումբ բուժվում են նաև Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում, բայց փաստեց՝ վերջին տարիներին բավականին մեծացել է դիմելիության մակարդակը: Ըստ նրա՝ մարդիկ բավականին ուշադիր են դարձել սեփական առողջության նկատմամբ: Մասնագետը հորդորում է հետևողական լինել, պարբերաբար հետազոտվել ու հիվանդությանն արձագանքել հնարավորինս վաղ փուլում, քանի որ այդ փուլում բուժման արդյունավետությունն ավելի բարձր է։
