Գյումրու դրամատիկական թատրոնը 2020-ին անակնկալներ է խոստանում հանդիսատեսին
3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը 2020 թվականին անակնկալներ է խոստանում հանդիսատեսին: 2020-ը հոբելյանական է թատրոնի համար. նշվելու է 155-րդ թատերաշրջանը և Վարդան Աճեմյանի 115-ամյակը: Թատերաշրջանի ընթացքում լինելու է 2 նոր ներկայացում։ Իսկ մինչ այդ բեմում մանուկների ամանորյա «Մանչուկն ու Կառլսոնը» ներկայացնում է, որը մինչև դեկտեմբերի 30-ը կուրախացնի փոքրիկներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը:
«Կլինի անակնկալներով լի տարի: Նոր թատերաշրջանի ներկայացումներից ուզում եմ առանձնացնել «Շիլլերը», որը լինելու է հոբելյանական մեզ համար: Բեմադրությունն իրականացնելու է հրավիրված ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը: Ներկայացումն առանձնահատուկ է նրանով, որ շատ երկար տարիներ առաջ Շիլլերի «Սեր և խարդավանք» ներկայացումը բեմադրել է Վարդան Աճեմյանը»,-նշեց թատրոնի տնօրենը` վստահեցնելով, որ 2020 թվականին էլ հանդիսատեսին «դժվար կլինի» տոմս ձեռք բերել:
Ամփոփելով 2019 թվականը՝ Լյուդվիգ Հարությունյանը նշեց, որ տարին թատրոնի համար լավ ու հյուրախաղային տարի էր՝ 4 առաջնախաղ, 150 ներկայացում, ավելի քան 52000 հանդիսատես: «Թատրոնի համար շատ հետաքրքիր հյուրախաղային տարի էր: Թատրոնը ավելի շատ եղավ դրսում. հունվար և փետրվար ամիսներին ԱՄՆ-ում էինք: 30 ներկայացում խաղացել ենք Գյումրուց դուրս, ևս մեկ հյուրախաղ՝ դեկտեմբերի 7-ին էր՝ Սանկտ Պետերբուրգում»:
Անցնող տարում պահպանվել է հրավիրյալ ռեժիսորներին եւ դերասաններին ներգրավելու սկզբունքը: «Երբ տարիներ առաջ կառուցվածքային փոփոխություն էինք անում թատրոնում, հանում էինք ռեժիսորի հաստիքը, մեզ սկզբունքորեն դրա համար մեղադրում էին, բայց մենք հասկացել էինք եւ բացատրեցինք, որ թատրոնը չպետք է լինի միանձնյա, այսինքն՝ բեմադրություն անի միայն մեկ գեղարվեստական ղեկավարը եւ վերջ: Ես կարծում եմ, որ մեր հաջողության հիմնական գրավականն այն է, որ մեր թատրոնի դռները բաց են բոլոր ստեղծագործողների դիմաց: Այս տարի ունեցել ենք 4 ներկայացում, 3-ը բեմադրել են հրավիրված ռեժիսորները: Մենք այն բացառիկ թատրոններից ենք, որ նաեւ դերասաններ ենք հրավիրում: 2019-ին ունեցել ենք 2 առաջնախաղ, որում հրավիրված դերասանուհի էր խաղում՝ Անի Խաչիկյանը եւ Ինա Խոջամիրյանը»,-հավելեց Լյուդվիգ Հարությունյանը:
Արմենուհի Մխոյան