Հասարակական

Ֆրանսիական կազմակերպությունը առողջապահական նոր ծրագրեր կիրականացնի

3 րոպեի ընթերցում

Ֆրանսիական կազմակերպությունը առողջապահական նոր ծրագրեր կիրականացնի

ԳԱՎԱՌ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Խոսրով Խլղաթյան): Ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազմակերպությունը Գեղարքունիքի մարզի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզեր մարզի միջեւ ստորագրված ապակենտրոնացված համագործակցության շրջանակում 2020 թվականին Գեղարքունիքի մարզում կիրականացնի առողջապահական նոր ծրագրեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, այս մասին հայտնեց ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազմակերպության ծրագրերի պատասխանատու Ժան Կլոդ Ռոսեն Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ հանդիպմանը: «2019 թվականին մեր կազմակերպությանը հատկացված բյուջեի շրջանակներում արդեն ավարտին ենք հասցրել Մեծ Մասրիկ, Գեղամասար և Գագարին համայնքների բժշկական ամբուլատորիաների վերանորոգման աշխատանքները: Հունվար ամսվա առաջին տասնօրյակում տեղ կհասնեն մեր կողմից գնված էլեկտրոսրտագրության վեց ապարատները, որոնք կտրամադրվեն Վարդենիսի պոլիկլինիկային և նույն տարածաշրջանի գյուղական բուժամբուլատորիաներին: Սարքավորումները նպատակային օգտագործելու և դրա արդյունքները ճիշտ վերծանելու նպատակով հաջորդ տարեսկզբին ֆրանսիական կողմը կանցկացնի մասնագետների վերապատրաստման դասընթացներ: Եվ քանի որ 2020 թվականին Իզերի դեպարտամենտի կողմից ևս ֆինանսական միջոցներ կհատկացվեն՝ Գեղարքունիքի մարզում առողջապահական ծրագրեր կյանքի կոչելու համար, ուստի խնդրում եմ մարզպետարանի աջակցությունը առողջապահական հիմնարկների ընտրության հարցում»,- նշեց «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազմակերպության ծրագրերի պատասխանատու Ժան Կլոդ Ռոսեն:

Խոսվեց նաև Սևան-Գրենոբլ համագործակցության շրջանակում Գրենոբլի քաղաքապետարանի կողմից Սևանի պոլիկլինիկային աուդիոմետր տրամադրելու անհրաժեշտության մասին:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր գոհունակությունը հայտնեց Իզերի դեպարտամենտի հետ ունեցած արդյունավետ համագործակցության և իրականացված ներդրումների համար՝ տեղեկացնելով, որ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից արդեն նախապատրաստվել է այն բուժամբուլատորիաների ցանկը, որոնք ունեն առաջնահերթ վերանորոգման անհրաժեշտություն: «Ուրախ եմ, որ հաճախ ենք հանդիպում և յուրաքանչյուր անգամ քննարկում արված աշխատանքների արդյունքները և նոր պլաններ կազմում: Ես կողմնակից եմ վերապատրաստման դասընթացների անցկացմանը, քանի որ դրանք նպաստելու են ձեր կողմից տրամադրած սարքավորումների նպատակային օգտագործմանը: Ինչ վերաբերում է վերանորոգման ենթակա ամբուլատորիաների ընտրությանը, ապա մենք դա արել ենք»,- նշեց Գնել Սանոսյանը:

Ֆրանսիական կազմակերպության պատասխանատու Ժան Կլոդ Ռոսեն տեղի մասնագետների հետ դեկտեմբերի 18-ից դիտարկումներ կանցկացնի վերանորոգման ցանկում ընդգրկված բուժամբուլատորիաներում:
Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում