Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Լուսինե Աբգարյանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա նիստը նախագահող դատավոր Լուսինե Աբգարյանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որպես ինքնաբացարկ հայտնելու հիմք փաստաբան Արամ Վարդևանյանը նշեց դատավորի եղբայր Դավիթ Աբգարյանին վերաբերող՝ մամուլում տարածված տեղեկությունները։

Վարդևանյանն անդրադարձավ մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, որի համաձայն՝ Լուսինե Աբգարյանի եղբայրը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մոտ ընկերն է։ Բացի այդ՝ Լուսինե Աբգարյանի եղբայրը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Սերժ Թանկյանի գրառմամբ, որով վերջինս գոհունակություն էր հայտնել Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ, իսկ Լուսինե Աբգարյանն իր էջով հավանել էր գրառումը։Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կարծիքով՝ անկողմնակալ դիտորդի տեսանկյունից այս փաստերը կասկածներ կարող են առաջացնել։

Վարդևանյանն անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ Լուսինե Աբգարյանը դեկտեմբերի 17-ից պետք է մեկնի արձակուրդ։ Իսկ արձակուրդից 10 օր առաջ դատավորին չի կարող գործ մակագրվել, քանի որ այդ կարճ ժամկետում գործը հնարավոր չէ քննել ըստ էության։ Ի պատասխան՝ Լուսինե Աբգարյանը նշեց, որ իր արձակուրդ մեկնելը տեղափոխվել է մինչև դեկտեմբերի 24-ը:

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը դեմ արտահայտվեց դատավորի ինքնաբացարկի միջնորդությանը։ Ըստ նրա՝ ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանների ներկայացրած՝ նախագահող դատավոր Լուսինե Աբգարյանին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունն անհիմն է։

Անդրադառնալով Լուսինե Աբգարյանի եղբոր կողմից սոցիալական ցանցերում կիսված գրառմանը և դատավորի կողմից հրապարակման հավանելու մասին ներկայացված փաստարկին՝ Բաղդասարյանը նշեց, որ դա որևէ կապ չունի քրեական գործի հետ և ամենևին չի նշանակում, որ դատարանն ունի կանխակալ վերաբերմունք։ Դատախազի խոսքով՝ ներկայացված փաստարկները հիմք չեն տալիս կասկածելու դատարանի անաչառության մեջ։ Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը միացավ դատախազ Գևորգ Բաղդասարյանի ներկայացրած դիրքորոշմանը։

Պաշտպան Վարդևանյանն արձագանքեց նաև, որ օրեր առաջ դատախազները Վերաքննիչ դատարանի մեկ այլ դատավոր՝ Մխիթար Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել այդ նույն՝ ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղ գտած գրառման պատճառով։ Արդյունքում այդ գրառումը դատավոր Պապոյանի ինքնաբացարկի պատճառը դարձավ։

Ինքնաբացարկի միջնորդությունը քննելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատական ակտը կհրապարակվի դեկտեմբերի 18–ին, ժամը 14:00–ին։

Հայերեն Русский

Հայտարարագրումից հետո փոխհատուցվելիք սոցիալական կրեդիտների ցանկում կավելանան արվեստի դպրոցները, մարզական խմբակները

Կանադայի վարչապետը նախազգուշացրել է Թրամփին մաքսատուրքերի բարձրացման հետևանքների մասին

Սոցիալական կրեդիտի համակարգի շնորհիվ տասնյակ հազարավոր երեխաներ գնալու են սպորտի. վարչապետը՝ տարվա լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը

ՆԱՏՕ-ն մտադիր է ԱՄՆ նախագահին առաջարկել ընդլայնել դաշինքի ռազմական ներկայությունը Արկտիկայում

Հայաստանում Լիտվայի դեսպանը այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության շտաբ

Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին, կհանդիպի Բելգիայի և Նիդերլանդների հայկական կառույցների հետ

Սիրիայի նոր իշխանությունները ձերբակալել են Բաշար Ասադի զարմիկին

ԱՄՆ նախագահի ներկայացուցիչը պատրաստվում է հանդիպել Վենեսուելայի նախագահի հետ

Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայի իրավիճակը

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներին