Հայ փախստականների տունդարձի իրավունքի միջազգայնացման հրամայականը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բաքվի կողմից Ղարաբաղի ադրբեջանական համայնքի բանակցություններին ներգրավման մասին կատարվող բարձրաձայնումները հակադարձություն են պաշտոնական Ստեփանակերտի բանակցային սեղան վերադարձի հայկական կողմի առաջադրանքին: Փախստականների հարցը թեժ պահելու Բաքվի քաղաքականությունը պատմություն ունի: Այն ուղղված չէ միայն միջազգային ընտանիքին՝ ուշադրություն գրավելու, մարդասիրական զանազան ծրագրերից օգտվելու եւ միջազգային հանրային կարծիքի վրա զգայուն ալիքներ հաղորդելու համար:

Ուրեմն, ըստ ԵԱՀԿ 1992 թ. մարտի 24-ի Հելսինկյան եզրափակիչ փաստաթղթի, հակամարտության կողմեր են ՀՀ-ն, Ադրբեջանը, ինչպես նաեւ ԼՂ ընտրված եւ այլ ներկայացուցիչներ: «Այլ» ձեւակերպումը Բաքուն շահագործում է իր շահերից բխած մեկնաբանություններ հրապարակայնացնելով:

Երկրորդ. ՀՀ-ն եւ Արցախը երբեք չեն ընդունել ԼՂ ադրբեջանական համայնք ձեւակերպումը, թեեւ այդ համայնքի ներկայացուցիչները միշտ անուղղակի ձեւով ներկայացվել են բանակցություններին 1994-97 ժամանակահատվածում։ Այդ ներկայությունը եղել է ադրբեջանական պաշտոնական պատվիրակության մաս կազմելով: Իբրեւ անկախ միավոր ղարաբաղաադրբեջանական համայնքը երբեք չի մասնակցել որեւէ բանակցության:

Ադրբեջանը երբեք չի ընդունել ԼՂ-ի բանակցային կողմ լինելը, թեեւ բանակցել է եռակողմ ձեւաչափով 1994-97-ին:

Ադրբեջանի մարտավարությունը եղել է այն, որ կա՛մ բանակցում են ՀՀ-ն եւ Ադրբեջանը, հետեւաբար` ԼՂ հարցը տարածքային վեճ է երկու պետությունների միջեւ: Կա՛մ, եթե ՀՀ-ն խոսում է Լեռնային Ղարաբաղի մասին, ապա ԼՂ-ում կա երկու համայնք:

Հայկական կողմի մեկնաբանությունը` ղարաբաղաադրբեջանական համայնքը բանակցային ձեւաչափին չներառելու առումով քաղաքականորեն ընկալելի է: Այդ կարգավիճակը ունեցող ադրբեջանցիները մասնակցել են Ադրբեջանի ընտրություններին, հետեւաբար, բանակցող Ալիեւը ներկայացնում է նաեւ իրենց։

Այժմ ղարաբաղաադրբեջանական համայնքի անունով, Թուրալ Գյանջալիևը, որը ներկայանում է իբրեւ այդ համայնքի նախագահ, միջազգային ընտանիքի անուղղակի հասցեագրված ուղերձներ է հրապարակում, թե իրենք պատրաստ են հայերի հետ խաղաղությամբ գոյակցելու Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում հակամարտության լուծումից հետո։

Ադրբեջանը փորձում է լիարժեք օգտագործել փախստականների տունդարձի իրավունքի սկզբունքը, Ստեփանակերտի բանակցային սեղանի միացման առաջադրանքին հակադրելով փախստականների միավորի մասնակցության անհրաժեշտությունը: Մինչդեռ, փախստականների տունդարձի խնդիրը չի կարող միակողմանի բնույթ ունենալ: Անկախ նրանից, որ բանակցային կետերի այս հարցը ներառված է տարբեր փաստաթղթերում` մադրիդյան, նորացված մադրիդյան, կազանյան, լավրովյան, թե ԵԱՀԿ-ի տարբեր հայտարարություններում: Ադրբեջանից եւ հյուսիսային Արցախից բռնատեղահանված կամ ուղղակի Բաքվի կազմակերպած ջարդերից փախած հայ փախստականների թղթածրարը միջազգայնացման բոլոր նախադրյալներն ունի:

Հայկական կողմը բոլոր պատճառները ունի աշխուժորեն արծարծելու Բաքվի ջարդարար քաղաքականության իբրեւ հետեւանք հայ փախստականների տունդարձի իրավունքը, միջազգային տարբեր ատյաններում: Եվ այդ հարցի արծարծման առընթեր բարձրացնելու` Արցախի բռնագրավված տարածքների Արցախի Հանրապետության վերակցման առաջադրանքը:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Հայերեն

12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Հայաստանի և Կիպրոսի միջև ստորագրվել է կրթության, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր

Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել

ՀՖՖ նախագահի՝ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է

Այսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան

Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

ԻՀՊԿ-ն հաղորդել է, որ Հորմուզի նեղուցում ականների վրա պայթելուց հետո երկու լցանավում հրդեհ է բռնկվել

Թրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ

Ուկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. Զելենսկի