Հակոբ Արշակյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի նորանշանակ դեսպանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Նախարարը ողջունել և շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, հաջողություն մաղթել իր հետագա գործունեության մեջ: Հակոբ Արշակյանն անդրադարձել է երկու երկրների միջև համագործակցությանը, տեխնոլոգիական ոլորտում Լիտվայի գրանցած հաջողություններին, ներկայացրել նախարարության գործունեության ուղղությունները։

Դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, խոսել ժողովրդավարության հաղթանակի համատեքստում երկու երկրների պայքարի և առաջընթացի մասին։ Նա նշել է, որ երկու ժողովուրդների միջև տարիներ ի վեր բարիդրացիական, գործընկերային հարաբերություններ են ձևավորվել, որոնք էլ ավելի զարգանալու հեռանկարներ ունեն։

Դեսպանը նախարարին ներկայացրել է Լիտվայի տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումները, անդրադարձել Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններին։ Նա նշել է, որ Լիտվան հետաքրքրված է տեխնոլոգիական կրթության ոլորտի հայկական փորձով, հատկապես «Թումոյի» գործունեությամբ, և ցանկություն ունեն այն ներդնելու իրենց երկրում։ Դեսպանն անդրադարձել է նաև երկու երկրների միջև ռոումինգի սակագնի նվազեցման հնարավորությանը։

Հակոբ Արշակյանը մանրամասներ է ներկայացրել տեխնոլոգիական կրթության հայկական մոդելի վերաբերյալ, նշել, որ այն սկսում ենք դպրոցից, հետո՝ բուհ ու արտադրություն: Նախարարը խոսել է կրթական տեխնոլոգիաների ուղղությամբ փորձի փոխանակման կարևորության մասին և պատրաստակամություն է հայտնել օգնել կիրառել Հայաստանում ստեղծված կրթական տեխնոլոգիաները։

Նախարարն անդրադարձել է նաև ստարտափների զարգացմանն ուղղված քաղաքականությանը, «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրին, որի նպատակն է՝ ցանկացած ընկերության հնարավորություն տալ հայկական սփյուռքի և «Հայկական վիրտուալ կամուրջ»-ի օգնությամբ ուղիղ կապ ունենալ աշխարհի շուկաների և աշխարհի էկոհամակարգային բաղադրիչների հետ: Հակոբ Արշակյանը տեղեկացրել է նաև, որ այս ծրագրի շրջանակներում Սիլիկոնյան հովտում Հայաստանը կունենա իր անկյունը, որտեղ հայ ձեռներեցները բիզնեսի դասընթացներ կստանան: Նախարարը նշել է նաև, որ հետագայում լիտվական ընկերությունները նույնպես կարող են օգտվել ծրագրի ընձեռած հնարավորություններից՝ իրենց մասնաճյուղերը գրանցելով Հայստանում:

Երկկողմ փոխգործակցության զարգացման տեսանկյունից զրուցակիցները հեռանկարային են համարել նաև երկուստեք էքսպո ցուցահանդեսներին մասնակցությունը: Նախարարը դեսպանին առաջարկել է կազմակերպել լիտվական ընկերությունների մասնակցությունը «Digitec EXPO 2020» և «ArmHighTech EXPO» ցուցահանդեսներին։

Հայերեն English Русский

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին

Գրոսին անընդունելի է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումը, որի հետևանքով կա զոհ