Փաստ մեկնաբանությամբ

Նախարար Մնացականյանը Բրատիսլավայում հստակ ամրագրեց Հայաստանի «կարմիր գծերը»

7 րոպեի ընթերցում

 Նախարար Մնացականյանը Բրատիսլավայում հստակ ամրագրեց Հայաստանի «կարմիր գծերը»

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդես եկավ ելույթով՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մի շարք առանցքային հարցերի։ Նախարարի ելույթը մի կողմից հստակ պատասխան էր նախօրեին ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչության կողմից շրջանառության մեջ դրված փաստաթղթին, որտեղ արտահայտված էր հակամարտության կարգավորման վերաբերյալ Բաքվի առավելապաշտական տեսլականը, մյուս կողմից՝ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման հստակ արձանագրում էր՝ տեղ-տեղ բավական կոշտ ձևակերպումներով։

Անդրադառնանք ԱԳ նախարարի մատնանշած դրույթներին։

Առաջին, շեշտադրվում է, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Սա հստակ մեսիջ է՝ ուղղված ինչպես Ադրբեջանին, որը պարբերաբար հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, այնպես էլ միջազգային հանրությանը՝ ընդգծելով Հայաստանի հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին։

Երկրորդ կետով, ըստ էության, շեշտադրվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի կարևորությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում։ Այն բնութագրվում է որպես կարգավորման հիմնարար սկզբունք և հիմք։ Ինչպես հայտնի է, ադրբեջանական կողմը պնդում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, այսինքն՝ արցախցիների ինքնորոշումը Ադրբեջանը պատկերացնում է միայն իր կազմում՝ ինքնավարության տեսքով։ ՀՀ արտգործնախարարի ելույթում այս առնչությամբ շեշտվում է, որ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի համար էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգության սպառնալիքը՝ Բաքվի նման պահանջը ոչ լեգիտիմ է և անհնար: Միևնույն ժամանակ, ընդգծվում է, որ Ադրբեջանը պետք է ճանաչի ազատ կամարտահայտման միջոցով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն առանց սահմանափակումների, այդ թվում՝ «Ադրբեջանի իրավասությունից, ինքնիշխանությունից և տարածքային ամբողջականությունից դուրս»։

Երրորդ, առաջնային է համարվում Արցախի ժողովրդի անվտանգությունը, որը չի կարող ապահովվել Ադրբեջանի կազմում և, հետևաբար, չի կարող դառնալ նաև զիջման առարկա։ Չափազանց կարևոր է նաև այն հանգամանքի ընդգծումը, որ կարգավորման արդյունքում չի կարող ստեղծվել այնպիսի իրավիճակ, որի դեպքում ևս Արցախի ժողովրդի ֆիզիկական էքզիստենցիալ անվտանգությունը կլինի հարցականի տակ (ինչպես եղել է թե 1991-94թթ., թե 2016թ.): Արցախի՝ ներկայումս Ադրբեջանի օկուպացիայի ներքո գտնվող տարածքները (Շահումյան, Գետաշեն և այլն), որտեղ հայերը ենթարկվել են էթնիկ զտումների, վկայում են, որ հայկական կողմի մտահոգությունները հիմնավոր են:

Չորրորդ, նախարարը ևս մեկ անգամ վերահաստատում է Հայաստանի կողմից բարձրաձայնվող այն մոտեցումը, որ Արցախը պետք է լինի բանակցային գործընթացի անմիջական և լիարժեք կողմ, հատկապես բովանդակային քննարկումներում Արցախի ժողովրդի կողմից ընտրված և լեգիտիմ ներկայացուցիչների մասնակցությունը չափազանց կարևոր է կարգավորման գործընթացում ժողովրդի կամքի արտահայտման տեսանկյունից։

Հինգերորդ, բանակցային գործընթացի արդյունավետության տեսանկյունից կարևորվում է լարվածության և էսկալացիայի ռիսկերի նվազեցումը, մասնավորապես՝ 1994թ. և 1995թ. զինադադարի մասին համաձայնագրերի պահպանումը, ինչպես նաև կարևորվում է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կյանքի կոչումը (միջադեպերի հետաքննության մեխանիզմներ, Ա. Կասպրչիկի գրասենյակի կարողությունների ընդլայնման միջոցով)։

Վեցերորդ և յոթերորդ կետերով արտգործնախարարն անդրադառնում է Ադրբեջանի ապակառուցողականությանը։ Ընդգծվում է Ադրբեջանում ուղղորդվող հայատյացությունն, ինչը որևէ կերպ չի նպաստում խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորմանը և, ընդհանուր առմամբ, հակամարտության կարգավորմանը։ Անդրադարձ է կատարվում Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշմանը, որն, ըստ էության, հաշվի է առնում հակամարտության կարգավորման առնչությամբ միայն ադրբեջանական կողմի պատկերացումները՝ անտեսելով հայկական կողմի այն մոտեցումը, որ ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար։ Այսինքն՝ չնայած որոշ առանցքային և կենսական հարցերում կոշտ դիրքորոշմանը՝ Հայաստանը միևնույն ժամանակ ընդգծում է կարգավորման փոխզիջումային տարբերակը։

Զոհրաբ Մնացականյանի ելույթում առկա շեշտադրումներից կարելի է եզրակացնել հետևյալը.

- Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին:

- Հայաստանի և Արցախի համար կենսական, առանցքային նշանակություն ունեցող հարցերը (Արցախի կարգավիճակ և անվտանգություն) չեն կարող լինել փոխզիջումների առարկա:

- Հայաստանն ընդգծում է բանակցային գործընթացում, հատկապես՝ բովանդակային հարցերում՝ Արցախի ընտրված ներկայացուցիչների լիակատար ներգրավման անհրաժեշտությունը:

- Հայաստանը հավատարիմ է նախկինում ստանձնած պարտավորությունների կյանքի կոչումը (հատկապես՝ ռիսկերի նվազեցման հարցում):

- Հայաստանը կարևորում է կողմերի միջև լարվածության թուլացումը և փոխվստահության միջավայրի ձևավորումը։

Ամփոփելով կարևոր է նշել նաև, որ ԵԱՀԿ նախարարական համաժողովը և Բրատիսլավայում ԱԳ նախարարների հանդիպումը տեղի ունեցավ Ադրբեջանում ներքաղաքական կարևոր զարգացումների ֆոնին: Ուստի վերջին օրերի ադրբեջանական կողմի սադրիչ քայլերը, մասնավորապես՝ ԵԱՀԿ-ում կոշտ մոտեցումներով փաստաթղթի շրջանառումը վերլուծելիս կարևոր է հաշվի առնել նաև ներքաղաքական գործոնների ազդեցությունը: Ինչ վերաբերում է այդ սադրանքներին հայկական կողմի պատասխանին, ապա այն առավել քան համաչափ էր, փաստարկված և հստակ ընդգծում էր Հայաստանի «կարմիր գծերը» կարգավորման գործընթացում։

Վարդուհի Հարությունյան

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստան

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

Հայաստան

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ  կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Հայաստան

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում