ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ծխելը սահմանափակող հայտնի օրինագծին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օրենքի նախագիծը նոյեմբերի 29-ին կայացած հանձնաժողովի նիստում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Օրենքի նախագծով՝ ծխախոտի օգտագործման արգելք է սահմանվում փակ տարածքներում։ Սահմանափակումներ կլինեն հանրային տրանսպորտում, մանկական խաղահրապարակներում, առողջապահական, կրթական, մշակութային հաստատություններում։ Որոշակի կարգավորումներ են նախատեսվում նաև ծխախոտի վաճառքի և ծխախոտային արտադրանքի առաջխաղացման և գովազդի սահմանափակման ուղղությամբ։

Օրենքների նախագծերի փաթեթում ընդգրկված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ, մասնավորապես, մասնավոր ավտոմոբիլային տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների օգտագործման կամ դրանց օգտագործման սահմանափակման արգելքը խախտելը, բացառությամբ սույն օրենսգրքի 135.1, 135.2 հոդվածների, առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով, իսկ ֆիզիկական անձի նկատմամբ՝ հիսունապատիկի չափով: Նույն արարքն այն պաշտոնատար անձի կողմից կատարելը, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել երեք ամսվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված վարչական տույժի կրկնակիի չափով:

Օրենքով նախատեսված դեպքերում հաստատությունների կամ հիմնարկների, կամ վայրերի, կամ տարածքների տեսանելի հատվածներում ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման արգելքի մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակների բացակայությունն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին փաթեթին կառավարությունը հավանություն է տվել սեպտեմբերի 12-ին:

Հայերեն Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով